Վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը բարձրացուեց 0.25 տոկոսային կէտով եւ սահմանուեց 8.5 տոկոս


Վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը բարձրացուեց 0.25 տոկոսային կէտով եւ սահմանուեց 8.5 տոկոս

  • 13-04-2011 16:09:59   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 12-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը 0.25 տոկոսային կէտով` սահմանելով այն 8.5%: Նշենք, որ մարտի 4-ի նիստում խորհուրդը վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը բարձրացրել էր 0,5%-ով՝ սահմանելով այն 8.25%: ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան տեղեկացմամբ, 2011թ.-ի մարտին արձանագրուել է 0.8% գնաճ: Չնայած սպառողական զամբիւղի նոր կշիռների հիման վրայ յունուար եւ փետրուար ամիսների վերագնահատուած գնաճը նուազեցրել է մարտի 12-ամսեայ ցուցանիշը, այդուհանդերձ այն դեռեւս բաւականին բարձր է` 11.5%: Ընդ որում, վերջինիս 8.3 տոկոսային կէտը պայմանաւորել է պարէնային ապրանքների գների աճը: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ ներկայումս պարէնային ապրանքների միջազգային շուկաներում դիտւում է գների աճի տեմպերի անկում: Սակայն 2011թ.-ի առաջին եռամսեակում դրանց աճը գերազանցել է կանխատեսումները, ինչն առաջիկայ ժամանակահատուածի համար ներքին տնտեսութիւնում կը պահպանի արտաքին գնաճային ճնշումները, գնաճի երկրորդային ազդեցութիւնները, գնաճային սպասումները: Խորհուրդն իրատեսական է համարում, որ գիւղատնտեսութեան ոլորտում ձեռնարկուած միջոցառումներն արդէն իսկ առաջիկայ ամիսներին կը նպաստեն 2010թ.-ի արդիւնքներով այդ ճիւղում կրճատուած առաջարկի վերականգմանը: Խորհուրդը գտնում է, որ 2011-ի տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբիւջետային քաղաքականութեան զսպող ազդեցութիւնը համախառն պահանջարկի ձեւաւորման վրայ, պետական այլ կառոյցների աջակցութիւնը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրեալներ կը ստեղծեն գնաճը 2011թ.-ի երկրորդ կէսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:
  -   Տնտեսութիւն