Հայաստանն ունի բոլոր հնարաւորութիւնները` տարածաշրջանում միջուկային բժշկութեան ոլորտի առաջատարը լինելու համար


Հայաստանն ունի բոլոր հնարաւորութիւնները` տարածաշրջանում միջուկային բժշկութեան ոլորտի առաջատարը լինելու համար

  • 13-04-2011 15:38:56   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 13-ին Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայում տեղի ունեցաւ հանդիպում Հայդելբերգի համալսարանի հիւանդանոցի Իոնային ճառագայթային թերապիայի կենտրոնի գիտատեխնիկական գծով տնօրէն, դոկտոր-պրոֆէսոր Թոմաս Հաբերերի հետ: Ըստ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հաղորդագրութեան, Թոմաս Հաբերերը Հայաստանում է գտնւում ապրիլի 12-16-ին Ա.Ի. Ալիխանեանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի (ԱԳԼ) Միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի հանդիպման շրջանակներում: Այցի նպատակն է հայաստանեան գործընկերների` ֆիզիկայի եւ առողջապահութեան ոլորտի մասնագէտների, հետ փոխանակել միջուկային բժշկութեան ոլորտի համաշխարհային փորձը եւ կիրառութիւնը: Հանդիպման ընթացքում դոկտոր Հաբերերը հանդէս եկաւ «Իոնային ճառագայթների թերապիայի կենտրոն. նոր չափանիշ ուռուցքաբուժութեան մէջ» թեմայով զեկոյցով, որին յաջորդեց հարց եւ պատասխանի հատուածը: Հանդիպման կազմակերպիչներն էին Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը եւ Ա.Ի. Ալիխանեանի անվ. ազգային գիտական լաբորատորիան: «Հայդելբերգի համալսարանի պրոֆէսորի այցը Հայաստան կարեւոր է մի քանի պատճառով: Նախ մենք նման հանդիպումների միջոցով փորձում ենք համագործակցութեան հիմքեր ստեղծել` քաղծկեղի բուժման առաջատար տեխնոլոգիաների եւ փորձի կիրառութեան համար: Նաեւ այսպիսի համագործակցութիւնների արդիւնքում մենք Հայաստանում գրանցուած որոշ հիւանդների կարող ենք ուղղորդել մեր արտասահմանեան գործընկերների կլինիկաներ` առաւել առաջատար եւ Հայաստանում գոյութիւն չունեցող բուժման հնարաւորութիւններից օգտուելու համար»,- ասաց Մրցունակութեան հիմնադրամի Առողջապահական ծրագրի տնօրէն Էդուարդ Սաֆարեանը: «Ուռուցքաբանութեան գերազանցութեան հայկական կենտրոնը զարգացման լայն հնարաւորութիւններ է ստեղծում: Այն կը խթանի ոչ միայն առողջապահութեան, այլ նաեւ հետազօտական ենթակառուցուածքի զարգացումը: Կենտրոնը Հայաստանի համար շատ հետաքրքիր եւ կարեւոր ներդրում է, քանի որ այդ ոլորտներն իսկապէս զարգանալու տեղ ունէն»,- նշեց դոկտոր Հաբերերը: «Հայաստանն ունի բոլոր հնարաւորութիւնները` տարածաշրջանում միջուկային բժշկութեան ոլորտի առաջատարը լինելու համար: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը, հաշուի առնելով բոլոր մրցակցային առաւելութիւնները, ստանձնել է Ուռուցքաբանութեան գերազանցութեան հայկական կենտրոն ստեղծելու նախաձեռնութիւնը: Առաջիկայում, երբ մենք կը սկսենք «Ռադիօիզոտոպների արտադրութեան կենտրոնի» աշխատանքները եւ պայմանաւորուածութիւններ ձեռք կը բերենք հաւանական ներդրողների հետ, կարող ենք աւելի յստակ նախանշել բժշկութեան այս առաջատար ոլորտում Հայաստանի դերն ու անելիքները»,- ասաց Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի գործադիր տնօրէն Բեկոր Փափազեանը:
  -   Հասարակութիւն