Յարութ Սասունեան. Ամերիկաhայերը պէտք է հակադրութիւն ցոյց տան նախագահ Օբամային...


Յարութ Սասունեան. Ամերիկաhայերը պէտք է հակադրութիւն ցոյց տան նախագահ Օբամային...

  • 12-04-2011 12:04:14   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Ամօթալի է, որ Սփիւռքի խոշորագոյն հայկական համայնքը նախագահ Օբամայի Կալիֆորնիա այցելութիւնների ընթացքում առիթից չի օգտւում բողոքելու նրա կողմից Հայոց ցեղասպանութիւնը չճանաչելու դէմ: Երբ անցեալ հոկտեմբերին Օբաման այցելել էր Լոս Անջելես եւ Գլենդել, ոչ մի հայ հակադրութիւն ցոյց չտուեց նրա հրապարակային ելոյթների ընթացքում: Այժմ Կալիֆորնիայի հայերը հիանալի հնարաւորութիւն ունեն այդ բացթողումը սրբագրելու` ցոյց տալով, որ իրենք մեծապէս դժգոհ են, որ երկրի բարձրագոյն պաշտօնեան չի կատարում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իր տուած խոստումը: Նախագահ Օբաման Սան Ֆրանցիսկոյում լինելու է ապրիլի 20-ին, իսկ Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցից ընդամէնը երեք օր առաջ` ապրիլի 21-ին այցելելու է Լոս Անջելես` մեկնարկելու համար իր վերընտրութեան քարոզարշաւը երկու գլխաւոր դրամահաւաքներով` «Օբամայ 2012թ. յաղթանակի հիմնադրամ» անուան տակ: Առաջիկայ 18 ամիսներին ամերիկահայերը պէտք է նախագահի իւրաքանչիւր քարոզարշաւային այցի ընթացքում ցոյցեր կազմակերպեն ամբողջ երկրով մէկ, մինչեւ 2012-ի նոյեմբերի նախագահական ընտրութիւնները: Պատեհ առիթ է Նախագահի անվստահելիութիւնը բացայայտելու համար, առաւել եւս, երբ նա իր ցածր վարկանիշով խոցելի է վերընտրութեան քարոզարշաւը մեկնարկելիս: Ամերիկաhայերը չպէտք է աղաչեն եւ պաղատեն Նախագահից, որ նա արտասանի Հայոց ցեղասպանութիւն բառերը: Աւելի մեծ հեղինակութիւն վայելող Ամերիկայի ղեկավար` նախագահ Ռեյգանն այս բառերն արդէն օգտագործել է 1981 թուականի ապրիլի 22-ին, նախագահ Օբամայի Լոս Անջելես կատարելիք այցից ուղիղ 30 տարի առաջ: Նախագահ Օբամայի այցի դէմ բողոքելու միակ պատճառը նրան հասկացնել տալն է, որ հայերն այլեւս չեն խաբուի, երբ քաղաքական գործիչները նրանց աջակցութիւնն ստանալու նպատակով կեղծ քարոզչական խոստումներ տան, իսկ ընտրութիւններից յետոյ անտեսեն նրանց: 2012 թուականի նախագահական ընտրութիւններում հայերի կարգախօսը պէտք է լինի «Ո'չ մի ձայն եւ ո'չ մի դոլար Օբամայի համար»: Ստորեւ ներկայացուած է հայկական հարցերի վերաբերեալ նախագահ Օբամայի բազում մեղքերի ցանկը.  2008 թուականի նախագահական քարոզարշաւում նա բազմիցս խոստացաւ ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, իսկ ընտրութիւններից յետոյ չկատարեց իր խոստումը: Աւելին, նրա վարչակազմը ակտիւօրէն հակադրուեց Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Կոնգրէսի 2010 թուականի բանաձեւին: Հակառակ իր նախընտրական խոստմանը, նա զգալիօրէն նուազեցրեց Հայաստանին եւ Արցախին յատկացուող արտաքին օգնութեան գումարը: Աւելին, նրա վարչակազմը չծախսեց Կոնգրէսի կողմից Արցախին յատկացուած ամբողջ գումարը: 2009 թուականին նա ճնշում գործադրեց Հայաստանի վրայ` որ ստորագրի տխրահռչակ «Արձանագրութիւնները» Թուրքիայի հետ: Նա փորձ անգամ չարեց ճնշել Թուրքիայի վրայ` վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար: Նա լուռ մնաց ի տես Հայաստանի եւ Արցախի դէմ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչած ռազմատենչ կոչերին, անտեսելով Արցախի ինքնորոշմանն աջակցելու իր նախընտրական խոստումը: Նա եւ պէտքարտուղար Հիլարի Քլինթոնը չընդառաջեցին Ամերիկայի հայկական համայնքի բազմաթիւ խնդրանքներին` նրանց հետ հանդիպելու եւ նրանց մտահոգութիւնները լսելու համար: Նախորդ Սուրբ Ծննդեան տօներին, երբ Սենատը գտնւում էր արձակուրդում, նա շրջանցեց Միացեալ Նահանգների սենատորների ,կասեցումըէ եւ Մեթիւ Բրայզային նշանակեց ԱՄՆ դեսպան Ադրբեջանում: Շատ կարեւոր է, որ ապրիլի 20-ին եւ 21-ին մեծ թուով ամերիկահայեր ոչ միայն բողոքի ձայն բարձրացնեն ընդդէմ Նախագահի, այլեւ իրենց պահանջները լսելի դարձնեն Օբամայի այցը լուսաբանող լրատուամիջոցներով: Այլապէս, իրենց լռութեամբ ամերիկահայերը սխալ պատգամ կը հղեն քաղաքական գործիչներին, թէ հայերին կեղծ խոստումներ տալով նրանց դրամն ու ձայները ստանալը, իսկ ընտրութիւններից յետոյ նրանց անտեսելը որեւէ բացասական ազդեցութիւն չի ունենայ նրանց քաղաքական կարիերայի վրայ:   Ամերիկաhայերը պէտք է արթնանան իրենց թմբիրից: Եթէ նրանք ցանկանում են, որ ընտրուած պաշտօնեաները իրենց լրջօրէն վերաբերեն, ապա պէտք է վարձահատոյց լինեն իրենց հարցերին աջակցութիւն ցուցաբերած պաշտօնեաներին` օգնելով նրանց վերընտրութեանը եւ պատժեն կեղծ խոստումներ տուածներին` աշխատելով պարտութեան մատնել նրանց: Կալիֆորնիա կատարելիք իր այցից մի քանի օր յետոյ, նախագահ Օբաման Ապրիլի 24-ի կապակցութեամբ կը հրապարակի իր ամենամեայ ուղերձը, որում, ամենայն հաւանականութեամբ, կը բացառուի Հայոց ցեղասպանութիւն եզրը: Հայ ցուցարարները պէտք է Նախագահին յստակ կերպով հասկացնել տան, որ Ցեղասպանութեան հետ կապուած բառախաղերը վիրաւորական են եւ, որ նա քաղաքական թանկ գին կը վճարի ճշմարտութիւնը քօղարկելու համար: Նախագահ Օբաման Սան Ֆրանցիսկոյում կը լինի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով 17:00-ին (Nob Hill Masonic Center, 1111 California Street), իսկ Քալուէր Սիթիում` ապրիլի 21-ին, ժամը 16:30-in (Sony Studios, 10202 W. Washington Blvd.): Այս երկու վայրերում պէտք է հազարաւոր հայեր ներկայ գտնուեն` ի նշան բողոքի նախագահ Օբամայի դրժած խոստումների: Ես, որպէս Օբամայի նախկին կողմնակից, ապրիլի 21-ին կանգնելու եմ «Sony Studios»-ի դիմաց, որպէսզի իմ խորը հիասթափութիւնն արտայայտեմ հայկական հարցերի հանդէպ նրա դրսեւորած վերաբերմունքի առնչութեամբ եւ իրեն տեղեկացնելու համար, որ ամերիկահայերը չեն սատարելու նրա վերընտրութեանը:   Յարութ Սասունեան «Կալիֆորնիայ կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ