Կրթութեան ոլորտի բարեփոխումները Հայաստանում եւ Ռուսաստանում ընթանում էն նոյն ուղղութեամբ


Կրթութեան ոլորտի բարեփոխումները Հայաստանում եւ Ռուսաստանում ընթանում էն նոյն ուղղութեամբ

  • 08-04-2011 17:40:09   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն ապրիլի 8-ին ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնուող Ռուսաստանի Դաշնութեան կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովին: Ողջունելով հիւրին, նախարարը նշել է. «Կրթութեան ոլորտի բարեփոխումները Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնութիւնում ընթանում էն նոյն ուղղութեամբ եւ ողջունելի է, որ ռուսական կողմը պատրաստակամութիւն է յայտնում աջակցել Հայ-ռուսական /Սլաւոնական/ համալսարանի զարգացմանը 21-րդ դարի բարձրագոյն կրթութեանը ներկայացուող պահանջներին համապատասխան»: Ա.Աշոտեանը յաւելել է , որ Հայ-ռուսական /Սլաւոնական/ համալսարանը, համադրելով երկու ժողովուրդների մշակութային ու կրթական աւադոյթները, հանդիսանում է Սլաւոնական լաւագոյն համալսարաններից մէկը հետխորհրդային կրթական տարածքում: Հայ-ռուսական կրթական համագործակցութեան բարձր աստիճանը, ըստ նախարարի, դրսեւորւում է նաեւ միջպետական համաձայնագրով նախատեսուած կրթաթոշակներով: Նա յոյս է յայտնել, որ շուտով կը սկսի գործել հայ-ռուսական համատեղ յանձնաժողովը, որը ուսումնասիրութիւններ եւ մշտադիտարկում կը կատարի Հայաստանում գործող ռուսաստանեան բուհերի մասնաճիւղերում` կրթութեան որակի ապահովման հետ կապուած: Մ.Դուլինովը, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, նշել է, որ Հայ-ռուսական /Սլաւոնական/ համալսարանը լաւագոյններից է հետխորհրդային կրթական տարածքում եւ պէտք է ձեռնարկել բոլոր միջոցներն այդ կարգավիճակի պահպանման համար: Նա ընդգծել է, որ համալսարանն ունի գիտակրթական լուրջ ներուժ, որը կարող է օգտագործուել նաեւ երկու երկրների գիտական առաջնահերթութիւններից բխող ծրագրերի իրականացման համար: Հանդիպմանը քննարկուել էն նաեւ հանրակրթութեան եւ միջին մասնագիտական կրթութեան ոլորտներում իրականացուող գործընթացները:
  -   Հասարակութիւն