ԱԶՕՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ<br /> «ԴՈՒԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ<br />


ԱԶՕՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ
«ԴՈՒԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

  • 03-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում որոշուեց «Դուին Հոլդինգ» ընկերութեանը տուգանել 2007թ.-ի հասոյթի 2%-ի չափով, բայց ոչ աւելի, քան 300 մլն դրամով (մօտ 1 մլն ԱՄՆ դոլար): Ինչպէս նիստում յայտնեց յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը, ընկերութեան նկատմամբ յարուցուել էր վարոյթ, որի ընթացքում պարզուել է, որ ազօտական պարարտանիւթերի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Դուին Հոլդինգ»-ը նպատակաուղղուած գործողութիւններով կիրառել է չհիմնաւորուած գին` հողօգտագործողներից բացի այլ անձանց իրացւող ազօտական պարարտանյութի իրացման գինը 2008թ.-ի մարտին սահմանելով 111430 դրամ, մինչդեռ դրա իրական գինը 84 հազար դրամ է: Վարոյթի ընթացքում ընկերութիւնը յայտնել է, որ ՀՀ կառավարութեան որոշման համաձայն Գիւղնախարարութեան հետ կնքել է պայմանագիր, ըստ որի պարտաւորուել է նախարարութեան կողմից տրուած գիւղերի ցանկին համապատասխան գիւղատնտեսական արտադրանք արտադրողներին մատակարարել 20 հազար տոննա ամոնիումային սելիտրա` 1 տոննան 84 հազար դրամով (74 հազ. դրամը վճարում են գիւղական արտադրանք արտադրողները, իսկ 10 հազարը` որպէս սուբսիդիա, ՀՀ Գիւղնախարարութիւնը): «Դուին Հոլդինգ»-ի գրութեան համաձայն, սելիտրա արտադրող գործընկեր վրացական կազմակերպութեան կողմից զգուշացվել է, որ 2008թ.-ի յունվարի 1-ից արտահանման գինը կտրուկ աճելու է, եւ այդ պատճառով ընկերութիւնը Գիւղնախարարութեան հետ կնքուած պայմանագրով մատակարարումը կատարել է մինչեւ 2007թ.-ի դեկտեմբերի 30-ը: Նշենք, որ ընկերութիւնը 2007թ.-ի նոյեմբերից մինչեւ 2008թ.-ի յունիսի 20-ը ներմուծել է 23985 տոննա ամոնիումային սելիտրա, որից 20 հազ. տոննան իրացուել է ՀՀ Գիւղնախարարութեան հետ կնքուած պայմանագրով, իսկ Գիւղնախարարութեան ցուցակից դուրս իրացրել է նաեւ 1700 տոննա Արցախում, որից 1000-ի 1 տոննան` 84 հազ. դրամով, իսկ 700 տոննայի 1 տոննան` 110 հազ. դրամով: Մինչդեռ, ըստ «Դուին Հոլդինգ»-ի ներկայացրած նիւթերի, հողօգտագործողներին եւ այլ անձանց համար 1 տոննա ազօտական պարարտանյութի իրացման գնի կառուցուածքում ձեռքբերման գինը մարտին նոյնն է մնացել: Արդիւնքում, պարարտանյութի իրացման գինը մարտին կազմել է 111430 դրամ, փետրուարի նկատմամբ աճելով 11430 դրամով, իսկ յունվարի նկատմամբ` 6430 դրամով, ինչով 1 տոննայից ապահովել է 32318 դրամի լրացուցիչ շահոյթ:
  -   Տնտեսութիւն