ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,5%<br />


ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7,5%

  • 04-08-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի օգոստոսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը 0,25%-ով` սահմանելով այն 7,5%: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, թէեւ 2008թ.-ի յուլիսին յունիսի նկատմամբ արձանագրուել է 2,2% գնանկում, 12-ամսեայ գնաճը աճել է շուրջ 1%-ով եւ կազմել 10,7%: ՀՀ ԿԲ-ի խորհուրդը հաստատել է, որ թէեւ պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրուած նուազման միտումը շարունակուել է, սակայն վերջինս դարձեալ չի արտայայտուել ներքին գներում: Միաժամանակ, թէեւ յուլիս ամսուայ երկրորդ կէսից նաւթի միջազգային գները որոշակիօրէն նուազել են, վերջինիս յետագայ փոփոխութիւնների ուղղութեան վերաբերեալ անորոշութիւնները շարունակում են պահպանուել: Այս պարագայում չեն թուլացել նաեւ գնաճի ներուժի երկրորդային ազդեցութիւնները, ինչը շարունակում է արտայայտուել ոչ պարենային ապրանքների գներում եւ ծառայութիւնների սակագներում: Հաշուի առնելով գնաճի բարձր տեմպերի պահպանումը եւ կարեւորելով գնաճային սպասումների մեղմման եւ նպատակային թիրախից շեղումների նուազեցման խնդիրները, ԿԲ-ի խորհուրդը մնացել է այն համոզմանը, որ վերաֆինանսաւորման տոկոսադրույքի յետագայ ճշգրտումը կախուած կլինի առաջիկայ ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների նշուած միտումներին ներքին գների արձագանքման արագութիւնից եւ չափից:
  -   Տնտեսութիւն