ԿԱՏՐԻՆ ԲՐԵՅԱ. ԿԻՆՈՅՈՒՄ ՊԷՏՔ Է ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ, ԲԱՑ, ՀԱՄԱՐՁԱԿ<br /> ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ<br />


ԿԱՏՐԻՆ ԲՐԵՅԱ. ԿԻՆՈՅՈՒՄ ՊԷՏՔ Է ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ, ԲԱՑ, ՀԱՄԱՐՁԱԿ
ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ

  • 17-07-2008 18:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կինոգործով զբաղուելու համար պարտադիր չէ յաճախել կինոդպրոց, բայց պարտադիր է հանճախել մոնտաժային աշխատանքների, քանի որ պատկերների համադրման ժամանակ է, որ կարողանում ես զգալ ու տեսնել զգացողությունների, պատկերների ճշգրտությունն ու գեղեցկութիւնը. կինոգործով զբաղուող հայ արուեստագէտներին եւ ուսանողներին այսպիսի խորհուրդ տվեց ֆրանսիացի յայտնի սցենարիստ, դերասանուհի եւ ռեժիսոր, «Ոսկէ ծիրան»-ի պատուաւոր հիւր Կատրին Բրեյան: Ֆիլմ նկարահանելիս Կ.Բրեյան չի առաջնորդւում կինոյի օրենքներով. «Ես նկարում եմ այնպէս, ինչպէս ուզում եմ, ընտրում եմ իմ գոյներն ու ձեւերը: Ես սիրում եմ, երբ հատւում են ուղղահայաց, հորիզոնական ու շեղ գծերը, որոնց գումարւում է լոյսն ու խավարը, զգացմունքն ու պոռթկումը»,- ասաց նա: Կատրին Բրեյան համաձայն չէ իրեն ռեժիսոր անվանողների հետ, քանի որ ռեժիսորը նկարահանում է ըստ նախապէս գրուած սցենարի, իսկ ինքը անում է այն, ինչը ենթագիտակցորեն ստացւում է նկարահանման հրապարկում: Ըստ նրա, սցենար ունենալը ունի մէկ դրական կողմ միայն. այն, որ կարողանում ես գումար ձեռք բերել: Կատրին Բրեյան կինոյով սկսել է հետաքրքրուել դեռեւս 12 տարեկանից, իսկ 17-ում գրել է առաջին վէպը` «L'homme Facile»: Յետագայում նկարահնվել է Բարնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմում: 1975թ. նա իբրեւ ռեժիսոր նակարահանում է իր վէպերից մէկը: Իսկ 1999-ին «Սիրավեպ» ֆիլմը արդէն մեծ յաջողութիւն է բերում Բրեյային որպէս ռեժիսորի: Կատրին Բրեյան պատմեց, որ կին լինելու պատճառով իրեն թոյլ չեն տուել սովորել Ֆրանսիայի ազգային կինոդպրոցում: Նա անվերջ քննադատվել է իր համարձակ ու բաց ֆիլմերի համար, որոնք համարւում են պոռնոգրաֆիկ: «Սիրով զբաղվելը պոռնոգրաֆիա չէ: Պոռնոգրաֆիան նպատակաուղղվածություն ունի, իսկ իմ ֆիլմերը որոշակի խնդիրներ են բարձրացնում»,- ասում է ռեժիսորը: Նա նկարում է սեքսուալ բնոյթի ֆիլմեր, քանի որ դրանք արգելուած են. «Ես չեմ հանդուրժի, որ որեւէ մէկն ինձ ասի` դա արգելուած է: Ինձ համար անհասկանալի է` ինչու, երբ բեմադիրիչը սրճարանում նկարում է սուրճ խմող զույգի, բեմադրիչ է, սակայն երբ նկարում է սիրոյ բաց տեսարան, դադարում է այդպիսին լինելուց...»: «Իմ ֆիլմերն աւելի շատ միայն դիտելու համար են, քանի որ դրանք շատ ինտիմ են ու դիտելու ժամանակ կարիք է լինում թաքցնել զգացմունքները»,- ասում է բեմադրիչը: Ըստ Բրեյայի, շատերն իր ֆիլմերը դիտելուց յետոյ կամ ատում են իրեն, կամ պաշտում: Այդուհանդերձ Կատրին Բրեյան կրկին խորհուրդ տվեց կինոյում լինել ծայրայեղ անկեղծ, բաց, համարձակ ու հետաքրքիր:
  -   Մշակոյթ