ՀԱՅԱՍՏԱՆԸ 2007 Թ.-ԻՆ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃԸ,-<br /> ԱՍՈՒԱԾ Է ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՅՑՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ 2007 Թ.-ԻՆ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃԸ,-
ԱՍՈՒԱԾ Է ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՅՑՈՒՄ

  • 11-07-2008 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը 2007թ.-ին պահպանել է մակրոտնտեսական կայուն աճը. տնտեսական աճի արձանագրուած երկնիշ ցուցանիշը հիմնականում պայմանաւորուած է երկրում իրականացyող շինարարութեան եւ ծառայութիւնների ոլորտներում գրանցուած աճով, ինչպէս նաեւ արտերկրում աշխատող հայերի կողմից կատարւող փոխանցումներով: Այս մասին նշուած է 2007թ.-ին Հայաստանի վերաբերեալ Եւրոպական յանձնաժողովի (ԵՀ) զեկոյցում, որը յուլիսի 11-ին Երեւանում կազմակերպուած «Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան գործողութիւնների ծրագրի մոնիտորինգ» թեմայով քննարկմանը ներկայացրեց ՀՀ արտգործնախարարութեան ԵՄ բաժնի առաջին քարտուղար Լուսինէ Մովսիսեանը: Նրա խօսքերով, նախորդ տարիների համամատ 2007թ.-ին Հայաստանը բարելաւել է իր գործարար միջավայրը, սակայն ներդրումային ոլորտի բարելաւման ուղղութեամբ դեռեւս աշխատանքներ պէտք է իրականացուեն: Զեկոյցի համաձայն, Հայաստանի հարկային համակարգում նույնպես առաջընթաց է գրանցուել, ինչը խրախուսւում է ԵՄ-ի կողմից: Ըստ Լ.Մովսիսեանի, ԵՄ-ն յորդորում է ՀՀ իշխանութիւններին շարունակել հարկային համակարգի եւ վարչարարության բարեփոխումները, միաժամանակ առաջարկում է գործարար միջավայրի համար ստեղծել հարկերի հաւաքագրման խորհրդակցական մարմին: Լ.Մովսիսեանը յայտնեց, որ էներգետիկայի ոլորտում իրականացուած բարեփոխումները նույնպես խրախուսւում են ԵՄ-ի կողմից: Մասնաւորապէս, 2007թ.-ին ընդունուել է էներգետիկ նոր ռազմավարութեան վերաբերեալ փաստաթուղթ եւ գործողութիւնների ծրագիր: Բացի դրանից, նախորդ տարի բարձրացուել է Մեծամօրի ատոմակայանի անվտանգութիւնը եւ ընդլայնվել ատոմակայանի օգտագործման բնագաւառը կարգաւորող մարմնի իրաւասութիւնները: Ըստ Լ.Մովսիսեանի, Հայաստանը նախատեսում է կառուցել նոր ատոմակայան եւ հնարաւոր է, որ ԵՄ-ն ատոմակայանի կառուցման համար վարկ տրամադրի: «Եւրոպայի համար ատոմակայանի կառուցումը նույնպես կարեւորւում է, քանի որ գազի եւ նաւթի թանկացումների հետ անվտանգ միջուկային էներգիայի դերակատարումն աշխարհում մեծացել է»,- նշեց Լ.Մովսիսեանը:
  -   Տնտեսութիւն