ՀԱՅԱՍՏԱՆԸ 2007 Թ.-ԻՆ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃԸ,-<br /> ԱՍՎԱԾ Է ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ 2007 Թ.-ԻՆ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃԸ,-
ԱՍՎԱԾ Է ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

  • 11-07-2008 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը 2007թ.-ին պահպանել է մակրոտնտեսական կայուն աճը. տնտեսական աճի արձանագրված երկնիշ ցուցանիշը հիմնականում պայմանավորված է երկրում իրականացվող շինարարության եւ ծառայությունների ոլորտներում գրանցված աճով, ինչպես նաեւ արտերկրում աշխատող հայերի կողմից կատարվող փոխանցումներով: Այս մասին նշված է 2007թ.-ին Հայաստանի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) զեկույցում, որը հուլիսի 11-ին Երեւանում կազմակերպված «Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի մոնիտորինգ» թեմայով քննարկմանը ներկայացրեց ՀՀ արտգործնախարարության ԵՄ բաժնի առաջին քարտուղար Լուսինե Մովսիսյանը: Նրա խոսքերով, նախորդ տարիների համամատ 2007թ.-ին Հայաստանը բարելավել է իր գործարար միջավայրը, սակայն ներդրումային ոլորտի բարելավման ուղղությամբ դեռեւս աշխատանքներ պետք է իրականացվեն: Զեկույցի համաձայն, Հայաստանի հարկային համակարգում նույնպես առաջընթաց է գրանցվել, ինչը խրախուսվում է ԵՄ-ի կողմից: Ըստ Լ.Մովսիսյանի, ԵՄ-ն հորդորում է ՀՀ իշխանություններին շարունակել հարկային համակարգի եւ վարչարարության բարեփոխումները, միաժամանակ առաջարկում է գործարար միջավայրի համար ստեղծել հարկերի հավաքագրման խորհրդակցական մարմին: Լ.Մովսիսյանը հայտնեց, որ էներգետիկայի ոլորտում իրականացված բարեփոխումները նույնպես խրախուսվում են ԵՄ-ի կողմից: Մասնավորապես, 2007թ.-ին ընդունվել է էներգետիկ նոր ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթ եւ գործողությունների ծրագիր: Բացի դրանից, նախորդ տարի բարձրացվել է Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը եւ ընդլայնվել ատոմակայանի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի իրավասությունները: Ըստ Լ.Մովսիսյանի, Հայաստանը նախատեսում է կառուցել նոր ատոմակայան եւ հնարավոր է, որ ԵՄ-ն ատոմակայանի կառուցման համար վարկ տրամադրի: «Եվրոպայի համար ատոմակայանի կառուցումը նույնպես կարեւորվում է, քանի որ գազի եւ նավթի թանկացումների հետ անվտանգ միջուկային էներգիայի դերակատարումն աշխարհում մեծացել է»,- նշեց Լ.Մովսիսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play