Հայաստանի նախագահին է ներկայացուել Մարդու իրաւունքների
պաշտպանի 2009թ.-ի տարեկան զեկոյցը (լրացուած տարբերակ)
31-03-2010 20:32:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, համաձայն «Մարդու իրաւունքների
մասին» ՀՀ օրէնքի 17-րդ յօդուածի 1-ին մասի, մարտի 17-ին ՀՀ
նախագահին, օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւններին է
ներկայացրել ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի 2009 թուականի տարեկան
զեկոյցը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՄԻՊ-ի գրասենեակի
Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
Ըստ զեկոյցի, 2009թ.-ին Պաշտպանը 4683 անձանցից ստացել է
3783 դիմում-բողոք, որոնցից 78-ը դրական լուծում է ստացել, ինչի
արդիւնքում վերականգնվել է 378 անձանց խախտուած իրաւունքը: Նշւում
է, որ դիմում-բողոքների կէսից աւելին կազմել են բանավորները:
«Ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ 2009թ.-ին բանաւոր
դիմում-բողոքներ ներկայացնողների մի մասը խուսափում է գրաւոր բողոք
ներկայացնելուց, ինչպէս նաեւ իրենց անունը, ազգանունը, հասցէն
արձանագրելուց` պատճառաբանելով, որ դիմում ներկայացնելը կարող է
բացասաբար անդրադառնալ իրենց վրայ»,- ասուած է զեկոյցում:
Անցած տարի ՄԻՊ-ի գրասենեակում առաւել շատ թւով
դիմում-բողոքներ ստացուել են ոստիկանութեան` 225, դատարանների` 202,
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան` 100, Երեւանի
քաղաքապետարանի` 84, եւ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան` 82,
դէմ:
ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան դէմ ներկայացուել է` 62,
դատախազութեան դէմ` 35, Երեւանի վարչական տարածքների դէմ` 23, ՀՀ
Ազգային անվտանգութեան ծառայութեան դէմ` 22, մարզպետարանների դէմ`
20, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան դէմ` 19,
գիւղապետարանների դէմ` 17, տարածքային կառավարման նախարարութեան
դէմ` 17, ՀՀ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի, ՀՀ
կառավարութեան, ՀՀ Առողջապահութեան նախարարութեան դէմ` 12-ական,
Պետական եկամուտների կոմիտի դէմ` 10, քաղաքապետարանների դէմ` 8
դիմում:
Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների խախտմանը վերաբերող
դիմումների թւում են խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ
նուաստացնող վերաբերմունքի դրսեւորումներին, ազատութեան եւ
անձեռնմխելիութեան իրաւունքի ոտնահարման, կամայական ձերբակալման եւ
կալանաւորման դէպքերին, կալանաւորուած անձանց փաստաբան չտրամադրելու
հարցերին, ինչպէս նաեւ քաղաքացիություն ձեռք բերելու, անձնագիր
ստանալու վերաբերեալ դիմումները: Կալանաւորուած եւ դատապարտուած
անձանցից ստացուել են նաեւ բողոքներ իրենց արդար դատաքննութեան
իրաւունքի խախտման վերաբերեալ:
Սոցիալ-տնտեսական իրաւունքների խախտմանը վերաբերող դիմումների
շարքում գերակշռել են նպաստների, փախստականների բնակարանային
հարցերի, հաշմանդամների իրաւունքների, ԽՍՀՄ խնայբանկերում
քաղաքացիների կողմից ներդրուած աւանդների փոխհատուցման գործընթացի,
սեփականութեան իրաւունքի խախտումների վերաբերեալ դիմումները: