Արա Նռանյան. «Հայաստանի ապագան նոր տնտեսական<br /> քաղաքականութիւն որդեգրելու մէջ է»<br />


Արա Նռանյան. «Հայաստանի ապագան նոր տնտեսական
քաղաքականութիւն որդեգրելու մէջ է»

  • 16-03-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի ապագան նոր տնտեսական քաղաքականութիւն որդեգրելու մէջ է, - համարում է Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արա Նռանեանը: Մարտի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում նա, մասնաւորապէս, նշեց. «Հայաստանի Հանրապետութեանը պէտք են թարմ մօտեցումներ եւ թարմ լուծումներ, նոր մարդիկ, ովքեր ի վիճակի լինեն կատարել այդ փոփոխութիւնները»,- ասաց նա: Պատգամաւորը տեղեկացրեց նաեւ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Սոցիալիստական ինտերնացիոնալի հետ համատեղ մարտի 25-26-ին Երեւանում կազմակերպելու է խորհրդաժողով` մի շարք երկրներից մասնագէտների եւ քաղաքական գործիչների մասնակցութեամբ: Նոյն խմբակցութեան անդամ Ռուզաննա Առաքելեանը նշեց, որ ապրիլից գազի սակագների բարձրացման հետ կապուած արդէն իսկ առկայ է գնաճ եւ անկառավարելի իրավիճակ: Ըստ պատգամաւորի, կամ գնաճը զսպելու մեխանիզմներ չկան, կամ դրանք չեն վերահսկւում: Գնաճի հետեւանքները չէզոքացնելու տեսանկիւնից նա անհրաժեշտ համարեց, որ Հայաստանում, ինչպէս մի շարք երկրներում, ընդունվի Եկամուտների ինդեքսավորման օրէնք: Իսկ «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանը տեղեկացրեց, որ գազի սակագնի բարձրացման եւ դրա հիմնաւորուածութեան առնչութեամբ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» պատգամաւորական խմբակցութիւնը ստեղծել է աշխատանքային խումբ եւ պարբերաբար անդրադառնալու է այդ հարցին: Ըստ «Ժառանգութիւն» խբակցության անդամ Արմէն Մարտիրոսեանի, որ բոլորին է յայտնի, որ Հայաստանում տնտեսական քաղաքականութիւնը ածանցւում է կառավարման քաղաքականութիւնից, իշխանութիւնները օգտագործում են թէ օրէնսդիր եւ թէ գործադիր լծակները, անհաւասար եւ անարդար պայմաններ ստեղծում, որի հետեւանքով «խոշորներն աւելի են խոշորանում, իսկ փոքր եւ միջին բիզնեսը գրեթէ վերանում է»: Անկախ պատգամաւոր, անկուսակցական Վիկտոր Դալլաքյանն իր հերթին ընդգծեց, որ անհրաժեշտ է ոչ միայն հարուստներին հարկային դաշտ բերել, այլեւ նրանցից գանձել լրացուցիչ հարկեր` շքեղության համար: Նա տեղեկացրեց, որ ինքը շրջանառութեան մէջ է դրել Շքեղության հարկի մասին օրինագիծը, որի համաձայն 500 հազար եւ աւելի ԱՄՆ դոլարին համարժէք սեփականույթուն ունեցող անձինք պէտք է վճարեն լրացուցիչ հարկեր, իսկ շքեղության հարկից ստացուած ֆինանսական միջոցները ուղղվեն բացառապէս կենսաթոշակների վճարմանը, ծնելիութեան խթանմանը. ընտանեկան, գործազրկութեան, հաշմանդամութեան եւ այլ նպաստների ֆինանսաւորմանը, ինչպէս նաեւ բնակչութեան անապահով խաւերի բուժօգնութեան ծախսերը իրականացնելուն:
  -   Տնտեսութիւն