ՀՀ փոխվարչապետն ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո<br /> մարզի պատուիրակութեանը<br />


ՀՀ փոխվարչապետն ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո
մարզի պատուիրակութեանը

  • 25-02-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը փետրուարի 25-ին ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո մարզի պատուիրակութեանը: ՀՀ տարածքային կառավարման նախարարութիւնից ստացուած հաղորդագրութեան համաձայն, հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Բրունօ Սկապինին եւ Վայոց ձորի մարզպետ Վարդգէս Մաթեւոսեանը: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը հետաքրքրուած է համագործակցութեան հեռանկարներով. յատկապէս կարող է օգտակար լինել Հիւսիսային Իտալիայի տնտեսական զարգացման մոդելը, քանի որ Հայաստանի հետ կան մի շարք ընդհանրություններ` թէ տնտեսական հնարաւորութիւնների, թէ տարածքի առումով: Դեսպան Բ. Սկապինին նշեց, որ հայ-իտալական ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնները կարող են վերաճել աւելի սերտ գործակցութեան: Նշուեց, որ պատուիրակութիւնը հետաքրքրուած է գիւղատնտեսական բնագաւառում համագործակցութեամբ, մասնաւորապէս` այգեգործության եւ գինեգործութեան ոլորտում: Տրեվիզոյի մարզը ոչ միայն Իտալիայում, այլեւ աշխարհում համարւում է գինեգործութեան ոլորտի առաջատարներից, եւ իտալական կողմը պատրաստ է իր փորձը փոխանցել Հայաստանին: Դեսպանը վստահութիւն յայտնեց, որ հայկական կողմի հետ կյաջողուի իրականացնել երկուստեք փոխշահավետ ծրագրեր: Տրեվիզոյի մարզային խորհրդի նախագահ Պետենա Ֆուլվիոն տեղեկութիւններ ներկայացրեց մարզի գիւղատնտեսական եւ արտադրական պոտենցիալի վերաբերեալ. մարզում զարգացած է ինտենսիվ տիպի գիւղատնտեսութիւնը, գիւղատնտեսական արտադրութիւնը ոչ թէ մասսայական է, այլ մասնագիտացուած: Կարողացել են նաեւ հաջողութեամբ համադրել արտադրութիւնն ու տուրիզմը: Նա տեղեկացրեց, որ 2007թ-ից Հայաստանի հետ ունեն համագործակցութեան ծրագիր, որի շրջանակում յաջողուել է գինեգործութեան ոլորտում փոխգործակցութան հիմքեր ստեղծել, եւ այն ընդլայնելու ցանկութիւն յայտնեց: Փոխվարչապետը նկատեց, որ Տրեվիզոյի տնտեսավարման մոդելը ամենաօպտիմալը կարող է լինել Հայաստանի գյուղատնետսության զարգացման համար: Այս առումով նա առանձնացրեց Վայոց ձորի մարզը, որտեղ եւ գինեգործութեան աւանդոյթներ կան, եւ հնարաւորութիւններ` տուրիզմի զարգացման համար: Նա հոյս յայտնեց, որ կյաջողուի կոնկրետ ծրագրեր կեանքի կոչել: Դեսպան Բ. Սկապինին ներկայացրեց նաեւ հայ-իտալական առեւտրային պալատ ստեղծելու վերաբերեալ իր նախաձեռնութիւնը: Պալատը կարող է անդամակցել նաեւ Իտալիայի` այլ երկրների հետ նմանատիպ պալատները միաւորող ասոցիացիային, որն էլ կարող է հարթակ լինել` փորձի, գիտելիքների փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համար: Ա. Գեւորգեանն իր կողմից ամենայն աջակցութեան պատրաստակամութիւն յայտնեց: Իտալացի հիւրերը նաեւ նշեցին, որ Հայաստան այցելելու պատճառներից մէկն էլ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին յարգանքի տուրք մատուցելն է:
  -   Տնտեսութիւն