Ապրիլի 9-ին Երեւանում յայտարարուած է համաքաղաքային շաբաթօրեակ


Ապրիլի 9-ին Երեւանում յայտարարուած է համաքաղաքային շաբաթօրեակ

  • 04-04-2011 16:49:16   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 9-ը մայրաքաղաքում յայտարարուած է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրեակի օր: Ակնկալելով համաքաղաքացիների ակտիւ մասնակցութիւնը այս գործում, Կարէն Կարապետեանը նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պէտք է լինի համակարգուած եւ իրականացուի բոլոր վարչական շրջաններում. <<Անհրաժեշտ է ներգրաւել բոլորին եւ կարեւոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պէտք է ապահովել նաեւ այդ ծառերի յետագայ խնամքը>>,- շեշտադրել է քաղաքապետը հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ: Կարէն Կարապետեանը շնորհակալութիւն է յայտնել Երեւան քաղաքի ոստիկանութեանը վերջերս իրականացուած ծառատունկից յետոյ արձանագրուած նորատունկերի գողութիւնների դէպքերին արագ արձագանքելու եւ մեղաւորներին բացայայտելու համար: Կարէն Կարապետեանը յատկանշել է նաեւ բակերի բարեկարգման, կանաչապատման եւ խաղահրապարակների տեղադրման աշխատանքների իրականացումը: Վկայակոչելով օրերս մամուլում հրապարակուած մայրաքաղաքի սոցիալական ծառայութիւնների աշխատանքի հետ կապուած դժգոհութիւնները, քաղաքապետի կողմից խիստ եւ հետեւողական վերահսկողութեան պահանջ է դրուել վարչական շրջանների ենթակայութեան սոցիալական ծառայութիւնների աշխատանքի նկատմամբ: Կարէն Կարապետեանն ընդգծել է, որ այս հարցում որեւէ բողոք անարձագանք չպէտք է մնա եւ յանձնարարել է ընտրանքային ստուգումներ անցկացնել: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, անդրադառնալով ապրիլի 1-ից մանկապարտէզներն անվճար դարձնելու որոշմանն յաջորդած Երեւանում հաշուառում չունեցող քաղաքացիների դժգոհութիւններին, քաղաքապետը յանձնարարել է հարցը քննարկել եւ կարճ ժամկէտում առաջարկել լուծումներ: <<Մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է նաեւ իւրաքանչիւր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ>>,- նշել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը, անդրադառնալով Երեւանի աղբահանութեան խնդրին: Քաղաքապետը մէկ անգամ եւս ընդգծել է, որ մայրաքաղաքի սանմաքրման վիճակը պէտք է սկզբունքօրէն փոխուի: Պատասխանատու բոլոր կառոյցներին յանձնարարուել է առաւել մեծ ուշադրութիւն դարձնել փողոցների եւ բակերի մաքրման աշխատանքներին. <<Շատ գործառոյթներ կան, որտեղ ակնյայտ էն մեր բացթողումները, բայց կան նաեւ թերացումներ, որոնք ուղղակիօրէն պայմանաւորուած էն մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետ>>,-նշել է քաղաքապետը: Ըստ այդմ, Կարէն Կարապետեանն առաջարկել է հնարաւոր բոլոր եղանակներով երեւանցիների մէջ քարոզել պատասխանատուութիւն` քաղաքը մաքուր պահելու հարցում: Մայրաքաղաքում աղբահանութեան աշխատանքները միասնական մօտեցմամբ իրականացնելու առումով, զեկուցուել է, որ վարչական շրջանների կողմից ներկայացուած առաջարկութիւնների հիման վրայ կազմուել է Երեւան քաղաքում աղբահանութեան եւ սանիտարական մաքրման, աղբահանութեան վճարների հաւաքագրման աշխատանքների բարելաւման միջոցառումների ծաւալուն ծրագիր:
  -   Հասարակութիւն