Արմէն Յարութիւնեան. «Հասարակութիւնը չի կարող բաղկացած
լինեն միայն իրաւունք կամ միայն պարտականութիւն ունեցողներից»
25-02-2010 18:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Կարեւոր չէ, ճիշտ են
գազի սակագների աւելացման հաշուարկները, թէ ոչ: Կարեւորն այն է, որ
շարքային քաղաքացին անպաշտպան է, խաթարուած է սոցիալական
արդարութեան սկզբունքը, քանի որ քաղաքացու համար անհնարին է
դառնում սոցիալական բեռը»,- փետրուարի 25-ի ասուլիսում յայտարարեց
Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը:
Ըստ նրա, հարցը գլոբալ իմաստով ի վերջոյ հանգում է
մենաշնորհային տնտեսութեան խնդրին. գոյութիւն չունեն շուկայական
հարաբերություներ, այլ գոյութիւն ունեն Սահմանադրութեանը հակասող
ոչ բնական մէնաշնորհներ, որոնք ըստ էութեան ոչնչացնում են միջին եւ
փոքր ձեռնարկատիրությունը: Ա.Յարութիւնեանն ընդգծեց, որ միջին
բիզնեսի ներկայացուցիչներից սկսել է բազմաթիւ բողոքներ ստանալ, թէ
խոշոր բիզնեսը այնպիսի պայմաններ է ստեղծում, որ հնարաւոր չէ
աշխատել: «Մարդկանց նորմալ ձեռնարկատիրական գործունէութեամբ
զբաղուելու հնարաւորութիւն տրուած չէ, որպէսզի նրանք էլ վաստակեին,
եւ այդ դէպքում սոցիալական բեռը այդքան ծանր չէր լինի»,- ասաց
Ա.Յարութիւնեյանը: Պաշտպանը կոչ է անում կառավարութեանը գազի
թանկացման դէպքում սոցիալական փաթեթ մշակել բնակչութեան անապահով
խաւերի համար:
Անդրադառնալով «Մարդու օրգաններ կամ հիւսուածքներ
փոխպատվաստելու մասին» ՀՀ օրէնքում 2009թ.-ին կատարուված
փոփոխությանը, ըստ որի քաղաքացին պէտք է տեղեակ լինի, որ առանց
իրեն հարցնելու կարող են իր օրգանները օգտագործել, նախօրոք գրաւոր
պէտք է հայտարարի, որ արգելում է իր օրգանները օգտագործել,
Ա.Յարութիւնեանն այն որակեց ոչ միայն որպէս հակասահմանադրական,
այլեւ` որպէս զավեշտի հասնող օրէնք:
«Սահմանադրութիւնը մեր իրականութեան հետ գնալով աւելի ու
աւելի կապ չունի»,- յայտարարեց Ա.Յարութիւնեյանը, յաւելելով. «Եթէ
այսպէս շարունակուի, 15-20 տարի յետոյ կարելի կլինի խօսել ոչ թէ
Հայաստանի հանրապետութեան, այլ Հայաստանի ռեզերվացիայի մասին, ոչ
թէ ՀՀ Սահմանադրութեան, այլ Հայաստանի ռեզերվացիայի ներքին
կանոնների մասին»: Նա նշեց, որ պետական կառոյցները պէտք է մտածեն
այդ ամէնի դէմն առնելու մասին, քանի որ «հասարակութիւնը չի կարող
բաղկացած լինեն միայն իրաւունք կամ միայն պարտականութիւն
ունեցողներից»: