Անձը պաշտպան ունենալու իրաւունքից պէտք է օգտվի փաստացի
արգելանքի վերցնելու պահից,- յայտարարում է ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանը
23-02-2010 14:06:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու
իրաւունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ
այն, որ ոստիկանութեան աշխատակիցների կողմից սահմանափակւում է
անձանց` իրաւաբանական օգնութիւն ստանալու եւ պաշտպան ունենալու
իրաւունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման
ենթարկելիս:
Այս խնդրի կապակցութեամբ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան
Արմէն Յարութիւնեյանը դիմել է ՀՀ Ոստիկանութեան պետ Ալիկ
Սարգսեանին:
Պաշտպանի գրութիւնում, մասնաւորապէս, ասաված է.
«Մարդու իրաւունքների պաշտպանի կողմից ստացուած բողոքների
վերլուծութիւնը վկայում է այն մասին, որ ՀՀ Քրէական դատաւարութեան
օրէնսգրքի 63-րդ յօդուածի 2-րդ մասի 4-րդ կէտի տարաբնոյթ
մեկնաբանութիւնները յաճախ պրակտիկայում հանգեցնում են մի
իրավիճակի, երբ անձը բերման է ենթարկվում քրէական հետապնդում
իրականացնող մարմին եւ առանց կասկածեալի կամ վկայի կարգավիճակ
ստանալու պահւում է արգելանքի տակ, հարցաքննվում է որպէս վկայ, ընդ
որում այդ ամբողջ ընթացքում նրան արգելւում է օգտուել պաշտպան
ունենալու իրաւունքից` պատճառաբանելով կասկածեալի կարգավիճակ
չունենալու հանգամանքով: Յաճախ տուեալ անձի նկատմամբ ձերբակալման
արձանագրութիւնը կազմւում եւ յայտարարւում է նրան այս բոլոր
գործողութիւնների աւարտից շատ աւելի ուշ, ինչից յետոյ միայն նրան
հնարաւորութիւն է տրւում օգտուելու պաշտպան ունենալու իրաւունքից:
Գտնում ենք, որ ՀՀ Քրէական դատաւարութեան օրէնսգրքի այս
դրույթի նման մեկնաբանութիւնը եւ դրան համապատասխան ձեւաւորուած
իրավակիրառ պրակտիկան հակասում են ինչպէս ՀՀ Սահմանադրութեանը,
այնպէս էլ Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիային եւ
Եւրոպական դատարանի 5-րդ եւ 6-րդ յոդուածների կիրառման
կապակցութեամբ ձեւաւորուած դատական նախադեպերին:
ՀՀ Սահմանադրութեան 20-րդ յօդուածի 2-րդ մասն ուղղակիօրէն
երաշխավորում է իւրաքանչիւրի ձերբակալման, խափանման միջոցի
ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրութեամբ պաշտպան
ունենալու իրաւունքը: Սահմանադրութիւնը չի պայմանավորում այս
իրաւունքի իրականացումը ձեւական առումով անձին կասկածեալ կամ
մեղադրեալ ճանաչելու հանգամանքի հետ, հետեւաբար եւ համապատասխան
ակտի ընդունման հետ: Անձը պաշտպան ունենալու իրաւունքից պէտք է
օգտվի փաստացի արգելանքի վերցնելու պահից, այլ ոչ թէ ձերբակալման
արձանագրութիւնն իրեն յայտարարելու պահից, հակառակ դէպքում
պաշտպան ունենալու իրաւունքի իրականացումը կախուածութեան մէջ կդրուի
քրէական հետապնդման մարմնի հայեցողությունից: Փաստացի ձերբակալուած
լինելու պահից անձի պաշտպան ունենալու իրաւունքը ճանաչուել է ինչպէս
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռներով, այնպէս էլ ՀՀ
Վճռաբեկ դատարանի որոշումներով:
ՀՀ Սահմանադրութիւնը երաշխավորում է նաեւ իւրաքանչիւրին
իրաւաբանական օգնութիւն ստանալու իրաւունքը: Այս իրաւունքի
իրականացումը պայմանաւորուած չէ անձին որպէս կասկածեալ կամ
մեղադրեալ ճանաչելու հանգամանքով եւ որեւէ պարագայում չի կարող
սահմանափակուել` ելնելով նրա դատավարական կարգավիճակից»:
Մարդու իրաւունքների պաշտպանը ակնկալում է ՀՀ ոստիկանապետի
յանձնարարականը ոստիկանութեան բոլոր ստորաբաժանումներին ապահովելու
անձի` փաստացի ձերբակալուած լինելու պահից պաշտպան ունենալու
իրաւունքի իրականացումը: