Ցանկացած կամաւոր նուիրատուութիւն կը նպաստի կրթօջախների վիճակի բարելաւմանը


Ցանկացած կամաւոր նուիրատուութիւն կը նպաստի կրթօջախների վիճակի բարելաւմանը

  • 28-03-2011 17:43:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
<<Օգնիր դպրոցիդ>> էլեկտրօնային կայքի միջոցով իւրաքանչիւր անհատ իր հնարաւորութիւնների սահմաններում պէտք է օժանդակի հարազատ դպրոցին>>,- նշել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը մարտի 28-ի աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ, յաւելելով, որ այսօր դպրոցը դրա կարիքը շատ ունի եւ ցանկացած կամաւոր նուիրատուութիւն կը նպաստի կրթօջախների վիճակի բարելաւմանը: Անդրադառնալով մայրաքաղաքի երթեւեկութեան կառավարման ու կանոնակարգման հիմնահարցերին, քաղաքապետը կարեւորել է Երեւանում <<<Անվտանգ քաղաք>> ապահովելու գաղափարի իրագործումը: Այս համատեքստում յանձնարարուել է սահմանուած ժամանակացոյցի համաձայն աւարտել ծանրաբեռնուած խաչմէրուկներում եւ կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Զեկուցուել է, որ Տիգրան Մեծ պողոտայում ուղեւորատար տրանսպորտի կանգառագօտիների առանձնացման տեխնիկական նոր միջոցների տեղադրումը զգալիօրէն փոխել է պատկերը: Ռետինէ բարձիկներով առանձնացուած գօտիներում տաքսիներ եւ այլ մեքենաներ այլեւս չէն կայանում: Կ.Կարապետեանը յանձնարարել է ներկայացնել նաեւ այլ փողոցներում նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկներ: Մայրաքաղաքի արդիւնաւէտ կառավարման հարցում քաղաքապետը կարեւորել է առաջիկայ մի քանի տարիների կտրուածքով համաքաղաքային բիւջէի կանխատեսելիութիւնը։ <<Մենք պէտք է կարողանանք կանխատեսել, թէ որքան պէտք է լինի Երեւան քաղաքի բիւջէն, որպէսզի մայրաքաղաքում լուծում ստանան, ինչպէս հրատապ, այնպէս էլ երկրորդական խնդիրները>>,- նշել է Կ.Կարապետեանը: Քաղաքապետը շեշտադրել է գոյքահարկի, հողի հարկի, ինչպէս նաեւ սանմաքրման համար գանձուող վարձավճարների հաւաքագրումն աւելի արդիւնաւէտ կազմակերպելու հարցը` առաջարկելով ճշտել եւ գնահատական տալ գոյքային հարկերի բազային տուեալների մասով: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, խորհրդակցութեան ընթացքում մէկ անգամ եւս ուշադրութիւն է հրաւիրուել շուկաներում եւ ստորգետնեայ անցումներում սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի ապահովման, Երեւան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարութեան ժամկէտների խախտման, մայրաքաղաքի վերելակային տնտեսութեան բարելաւման, բազմաբնակարան շէնքերի մուտքերի վերանորոգման եւ մի շարք այլ հարցերին:
  -   Հասարակութիւն