«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-Ը ԱՊՐԻԼԻ 1-4-ԻՆ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԼԱՅՆԱԾԱՒԱԼ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ<br /> ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ<br />


«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-Ը ԱՊՐԻԼԻ 1-4-ԻՆ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԼԱՅՆԱԾԱՒԱԼ
ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ
ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

  • 26-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Երեւան ջուր» ընկերութիւնը որոշել է ապրիլի 1-4-ին ձեռնարկել լայնածաւալ գործողութիւններ ապօրինի միացումների վերջնական ապամոնտաժման ուղղութեամբ: Ըստ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Երեւանի հարաւային եւ արեւմտյան հատուածներում ջրամատակարարման բարելաւմանն ուղղուած աշխատանքներում «Երեւան ջուր»-ը հանդիպում է մի շարք խնդիրների: Այս հատուածները, ի թիւս այլ աղբիւրների, մատակարարւում են «Արարատեան» պոմպակայանի թիւ 4 եւ 5, ինչպէս նաեւ թիւ 1 եւ 2 մայր ջրատարներից: Այս ջրատարների վրայ, պոմպակայանի եւ քաղաքի միջեւ ընկած յատուածում ընկերութիւնը յայտնաբերել է ապօրինի միացումներ, որտեղից կատարւող ջրառի ծաւալները զգալիօրէն աճել են 2006-2008թթ.-ին: Մասնաւորապէս, 2006թ.-ին 4 ու 5 ջրատարներից ապօրինի ջրառը կազմել է 300 լ/վրկ, որը տարեկան կազմում է 9 մլն խմ: 2007թ.-ին ջրառի ծաւալը հասել է 400 լ/վրկ, կամ 12,5 մլն խմ-ի, իսկ 2008թ.-ին փետրուարին` արդէն 500 լ/վրկ-ի: Ներկայումս «Երեւան ջուր»-ը յայտնաբերել է 24 ապօրինի միացում ընդհանուր 270 լ/վրկ ծաւալով, մինչդեռ լրացուցիչ 250 լ/վրկ ծաւալի առկայութեան դէպքում հնարաւոր կլինէր 3-4 ժամով երկարացնել քաղաքի հարաւային եւ արեւմտյան հատուածների բնակչութեան ջրամատակարարումը: Ըստ հաղորդագրութեան, ապօրինի միացումների ապամոնտաժման ընկերութեան բազմաթիւ փորձերն ունեցել են տարբեր արդյունքեր. ապամոնտաժման աշխատանքներից 2-3 օր անց, նոյն տեղերում կրկին կատարուել են միացումներ կամ աշխատանքային թիմերին պարզապէս ֆիզիկապէս թոյլ չեն տուել գործել: Այդ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ջրմուղի աշխատակիցները հանդիպել են տեղի բնակչութեան դիմակայութեանը:
  -   Տնտեսութիւն