ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՅԱՆՁՆՈՒԵԼ ԴԱԼԱՐԻԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԱԾ ՇԷՆՔԸ<br />


ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՅԱՆՁՆՈՒԵԼ ԴԱԼԱՐԻԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԱԾ ՇԷՆՔԸ

  • 12-03-2008 17:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս ամբողջովին վերանորոգուած ու կահաւորուած դպրոց տեղեփոխվեցին Արմաւիրի մարզի Դալարիկ համայնքի 624 դպրոցականներ: Դպրոցն ապահովուած է ուսուցման լիարժէք գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից, վերանորոգուած դպրոցը զբաղեցնում է 3,3 հազ. քմ. տարածք, ունի 22 դասասենեակներ, 2 լաբորատորիա` նախատեսուած քիմիա եւ ֆիզիկա առարկաների համար, համակարգչային սենեակ` հագեցած համակարգիչներով եւ անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, աշխատանքի ուսուցման սենեակ (արհեստանոց), բուժկէտ եւ առողջապահական սենեակ, երաժշտութեան ուսուցման սենեակ, գրադարան, 5 օժանդակ բնոյթի աշխատասենեակներ, հանդիսութիւնների դահլիճ, մարզադահլիճ` կից տղաների եւ աղջիկների հանդերձարաններով, արուեստի կենտրոն: Դպրոցի շէնքը ապահովուած է լոկալ ջեռուցման, ջրահեռացման եւ էլեկտրասնուցման համակարգերով: Իրականացուել է դպրոցի շէնքի արտաքին պատերի եւ հիմքերի ուժեղացում: Յատուկ կարիքներ ունեցող երեխաների մուտքը դպրոց ապահովելու նպատակով կառուցոուած է թեքուղի: Դալարիկի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները սկսուել են 2006թ.-ի նոյեմբերին եւ իրականացուել Գիւմրիում հիմնադրուած «Ախուրեան Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից, որն ունի բազմամեայ փորձ շինարարութեան բնագաւառում: Դպրոցի նախագծման եւ աշխատանքների իրականացման ողջ ժամանակահատուածում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ կապալառու կազմակերպութիւնը սերտօրէն համագործակցել են տեղի համայնքի հետ: Այսպէս, աշխատուժի մօտ 20 տոկոսը ներգրաւուած է եղել Դալարիկ համայնքից: Դալարիկի դպրոցը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացyող ՀՀ Գիւղական վայրերի համապարփակ զարգացման մասնակցային ծրագրի շրջանակներում ենթակառուցուածքների վերականգման մասը կազմող աւարտած ծրագրերից իններորդն է: 2005թ.-ի վերջից ի վեր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը իրականացրել է երկու մանկապարտէզների, չորս դպրոցների, բուժական ամբուլատորիայի, սպորտային համալիրի եւ համայնքային կենտրոնի կապիտալ վերանորոգման ու կահաւորման աշխատանքներ: Նշեալ ծրագրերը, հիմնադրամի կողմից զուգահեռ իրականացyող կրթական, սոցիալական, առողջապահական եւ տնտեսական զարգացման ծրագրերի հետ միասին, վերափոխել են կեանքը Դալարիկ, Լեռնագոգ, Շենիկ եւ Քարակերտ համայնքների 12115 բնակիչների համար, որոնցից 3018-ը երեխաներ են:
  -   Հասարակութիւն