2012 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ԿՆՇՈՒԻ ՀԱՅ
ԳՐԱՏՊՈՒԹԵԱՆ 500-ԱՄԵԱԿԸ
28-10-2008 14:38:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2012թ.-ին Հայաստանում
մեծ հանդիսութեամբ նշուելու է Հայ գրատպութեան 500-ամեակը, որի
միջոցառումների կազմակերպման կառավարական յոբելեանական
յանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Ինչպէս
հոկտեմբերի 28-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի Գրողների միութեան
(ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանեանը, չորս տարուայ ընթացքում իրենք
հնարաւորութիւն ունեն լաւ նախապատրաստուել եւ իրականացնել բոլոր
այն ծրագրերը, որոնք պէտք է մշակուեն: Միաժամանակ նա նշեց, որ
պատրաստւում է իր առաջարկները ներկայացնել յոբելեանական
յանձնաժողովի 2009թ.-ի յունուարին կայանալիք երկրորդ նիստում:
Մասնաւորապէս, ՀԳՄ-ի նախագահը առաջարկում է մշակել
ընթերցանության ազգային ծրագիր, ինչը, ըստ Լ.Անանեանի,
ընթերցանության ճգնաժամի յաղթահարման համար կարեւոր քայլ կլինի:
Նախատեսւում է նաեւ մի քանի տարի ՀՀ Ազգային Ժողովում գտնուող
«Գրահարատակչության ոլորտի մասին» օրէնքի նախագիծը ներկայացնել
քննարկման: Բացի դրանից, Լ.Անանեանն առաջարկում է Հայաստանում
ստեղծել Թարգմանչաց համալսարան, որը հնարաւորութիւն կտայ աշխարհի
տարբեր լեզուներով ներկայացնել հայ դասականների, ժամանակակից
գրողների ստեղծագործությունները, ինչպէս նաեւ թարգմանել
համաշխարհային դասականների եւ ժամանակակիցների գործերը հայերէն:
ՀԳՄ-ի նախագահի գնահատմամբ, գրահրատարակչութեան զարգացման
համար առաջին հերթին հանրապետութեան բոլոր մարզերում պէտք է բացուեն
գրախանութներ: Ըստ Լ.Անանեանի, պէտք է մեծ ուշադրութիւն դարձնել
նաեւ գրադարաններին: «Հրատարակւող իւրաքանչիւր գիրք պէտք է
տրամադրել գրադարաններին: Սակայն ինչպէս կարելի է 400-500
տպաքանակով լոյս տեսած գիրքը տրամադրել երկրում գործող մի քանի
հարիւր գրադարանների: Սրանք կարեւոր խնդիրներ են, որոնք պէտք է
լուծում ստանան հայ տպագրության 500-ամեակի նախաշեմին»,- ընդգծեց
Լ.Անանեանը: