2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԾԱԽՍԵՐԸ 27%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ
19-08-2008 13:56:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին
կիսամեակում ՀՀ պետբիւջէի միջոցների հաշուին կատարուել են 327,8
մլրդ դրամի (մօտ 1 մլրդ 66 մլն ԱՄՆ դոլար) ծախսեր` որոնք կազմել են
առաջին կիսամեակում նախատեսուածի 86,4%-ը: Մասնաւորապէս, 297,2 մլրդ
դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 30,6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական
ակտիւների հետ գործառնութիւնները: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի
համեմատ պետական բիւջէի ծախսերն աւելացել են 29,8%-ով կամ 75,2
մլրդ դրամով:
ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան
տուեալներով, 2008թ.-ի յունուար-յունիս ամիսներին կատարուել է ընթացիկ
ծախսերի կիսամեակային ծրագրի 91,7%-ը, ինչը կազմել է 297,2 մլրդ
դրամ: Ընթացիկ ծախսերից 25,7 մլրդ դրամն ուղղուել է պետական
հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, ինչը կազմել է
կիսամեակային ծրագրի 94%-ը: Պարտադիր սոցիալական ապահովութեան
վճարների գծով տրամադրվել է 2,2 մլրդ դրամ կամ առաջին կիսամեակում
նախատեսուածի 95,1%-ը: Ծառայութիւնների եւ ապրանքների ձեռք բերմանը
պետական բիւջէից յատկացուել է 58,2 մլրդ դրամ, ինչը կազմել է
առաջին կիսամեակի ծրագրի 89,3%-ը:
Այս տարուայ յունուար-յունիսին 5,3 մլրդ դրամ է յատկացուել
պետական պարտքի սպասարկմանը, ինչը կազմել է կիսամեակային ծրագրի
88%-ը: Դա հիմնականում պայմանաւորուած է ներքին պարտքի սպասարկման
ծախսերի խնայողությամբ: Մասնաւորապէս, նշուած գումարից 3,5 մլրդ
դրամ տրամադրվել է ներքին, 1,8 մլրդ դրամ` արտաքին պարտքի
սպասարկմանը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական
պարտքի սպասարկման ծախսերն աճել են 27%-ով` հիմնականում
պայմանաւորուած ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
2008թ.-ի յունուար-յունիսին ՀՀ պետբիւջէից տրամադրվել են
շուրջ 10,2 մլրդ դրամ սուբսիդիաներ, ինչով կատարուել է կիսամեակային
ծրագրի 94.2%-ը: Պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 12,1%-ը կամ 35,9
մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որոնցից 30,5 մլրդ դրամը
(առաջին կիսամեակում նախատեսուածի 95,8%-ը) պետական հատուածի այլ
մակարդակների կառույցներին տրամադրուած դրամաշնորհներն են: