2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ<br /> 34,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
34,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 16-08-2008 18:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում ՀՀ պետական բիւջէի հարկային եկամուտները կազմել են աւելի քան 275 մլրդ դրամ (մօտ 894,1 մլն ԱՄՆ դոլար), ինչով կիսամեակային ծրագիրն ապահովել է 105,1%-ով, իսկ տարեկան ծրագիրը` 47,3%-ով: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 34,9%-ով կամ 71,1 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթէ բոլոր հարկատեսակների գծով (բացառութեամբ պարզեցուած հարկի) արձանագրուել են աճի բարձր տեմպեր: ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, այս տարուայ հունվա-յունիսին աւելացուած արժէքի հարկը կազմել է աւելի քան 141,6 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների 51,5%-ը: Նշուած գումարից 88,4 մլրդ դրամը ստացուել է ՀՀ սահմանին հարկումից, 53,2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայութիւնների ներքին շրջանառութիւնից: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէ մուտքագրուած ԱԱՀ-ն աճել է 46,3%-ով կամ շուրջ 44,8 մլրդ դրամով: Ընդ որում, աւելացել են ե'ւ ներկրումից, ե'ւ ներքին շրջանառութիւնից ստացւող գումարները: Այս տարուայ առաջին կիսամեակում ակցիզային հարկի մուտքերը կազմել են շուրջ 20,9 մլրդ դրամ, ինչով ապահովել է հարկային եկամուտների 7,6%-ը: Մասնաւորապէս, հանրապետութիւն ներկրուած ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուել է շուրջ 14,2 մլրդ դրամ, որից 6,3 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 5,8 մլրդ դրամը` ծխախոտի ներկրումից: Հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բիւջէի մուտքերը կազմել են 6,7 մլրդ դրամ, որից շուրջ 3 մլրդ դրամը ստացուել է ներքին արտադրութեան ծխախոտի իրացումից: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 16,9%-ով կամ աւելի քան 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է բենզինի ու ծխախոտի ներկրման եւ տեղական արտադրութեան ծխախոտի իրացման գծով մուտքերի աճով: Ակցիզային հարկի աճ է արձանագրուել նաեւ ներկրւող եւ տեղական արտադրութեան ալկոհոլային խմիչքների գծով:
  -   Տնտեսութիւն