ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ

  • 01-08-2008 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ յունիսի 1-ից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն («Հարաւկովկասեան երկաթուղիներ») 30 տարով կոնցեսիոն կառավարման է յանձնուել «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին, որը պարտաւորուել է այդ տարիների ընթացքում համակարգում ներդնել շուրջ 174,5 մլրդ դրամ, ընդ որում 59,3 մլրդ դրամը` առաջիկայ հինգ տարիներին: Շարժակազմի ձեռք բերման համար ընկերութիւնը նախատեսել է ներդնել 8 մլրդ դրամ: Այս մասին օգոստոսի 1-ի ասուլիսում յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը: Ըստ նրա, միջքաղաքային երկաթուղային հաղորդակցութիւնը զարգացնելու նպատակով կառավարչի կողմից արդէն ձեռք են բերուել հինգ էլեկտրագնացքներ, ինչը հնարաւորութիւն կտայ օգոստոսի 2-ից վերաբացել Գիւմրի-Պեմզաշեն-Արթիկ, Երեւան-Երասխ, իսկ օգոստոսի 3-ից` Գիւմրի-Երեւան կանոնաւոր ուղերթները: Նշուեց, որ յուլիսի 12-ից իրականացւում է Երեւան-Ծովագիւղ ուղերթը: Բացի այդ, 1000 բեռնատար վագոնների եւ 23 էլեկտրագնացքների վերանորոգման համար «Հարաւկովկասեան երկաթուղիներ»-ն արդէն պայամանգիր են կնքել վրացական ընկերութեան հետ: Գ.Սարգսեանը յայտնեց նաեւ, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ եռակողմ` Հայաստան, Իրան, Ռուսաստան, բանակցութիւնները դեռ շարունակւում են: Նշուեց, որ Հայաստանում գործունէութիւն իրականացնող միջազգային ֆինանսական կազմակերպութիւնները նույնպես դրական են գնահատում այդ քայլը եւ նոյնիսկ պատրաստ են մասնակցել ծրագրի համաֆինանսաւորմանը:
  -   Տնտեսութիւն