ԱՐՄԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՀՀ ՄԱՐԴՈՒ<br /> ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔՈՒՄ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԷՆՍԳՐՔՈՒՄ<br /> ԱՌԱՋԱՐԿՈՒՈՂ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ԱՐՄԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔՈՒՄ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԷՆՍԳՐՔՈՒՄ
ԱՌԱՋԱՐԿՈՒՈՂ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 02-07-2008 09:58:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի կարծիքը ստանալու նպատակով յունիսի 23-ին ՀՀ արդարադատութեան նախարար Գեւորգ Դանիելեանը Պաշտպանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքում» փոփոխութիւններ կատարելու մասին», «Դատախազութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին», «Յատուկ քննչական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին», «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին» եւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին» ՀՀ օրէնքների նախագծերը: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի կարծիքով, ներկայացուած օրենսդրական նախագծերը նպատակ են հետապնդում որոշակի խումբ անձանց զրկել անձեռնմխելիութիւնից, միեւնոյն ժամանակ, վերացնում են դատախազի եւ յատուկ քննչական ծառայութեան ծառայողի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելու իրաւունքը միայն ՀՀ գլխաւոր դատախազին վերապահուած լինելու պահանջը: «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի փոփոխութիւնները վերաբերում է «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 23-րդ յօդուածի 5-րդ կէտին. «Այն անձինք, ովքեր որեւէ պաշտօն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում, չեն կարող մեղադրուել, հետաքննութեան ենթարկուել, ձերբակալուել, կալանքի ենթարկուել կամ դատի տրուել Պաշտպանի յանձնարարականի համաձայն իրենց պարտականութիւնները կատարելիս, որեւէ գործողութեան, կարծիքի կամ ընդունած որոշման համար»: Այս կէտի փոփոխման անհրաժեշտութիւնը հիմնաւորւում է Սահմանադրութեամբ ամրագրուած անձեռնմխելիութեան իրաւունք ունեցող անձանց յստակ շրջանակի առկայութեամբ: Սակայն, ըստ Ա.Յարութիւնեանի, ՀՀ Սահմանադրութիւնը չի նախատեսում անձեռնմխելի սուբյեկտների սպառիչ ցանկ, աւելին` չի ամրագրում որեւէ դրոյթ, որը կխոչընդոտեր օրէնքով այլ անձանց անձեռնմխելիութիւն շնորհելուն: Բացի այդ, ինչպէս նշում է Պաշտպանը, եթէ փորձ է արւում դիմել օրէնսդրութեան ունիֆիկացման, ապա հարկ կլինէր ընթանալ նաեւ Սահմանադրութեան փոփոխման ճանապարհով` վերացնելով բոլոր միւս սուբյեկտների անձեռնմխելիութեան իրաւունքը: Սակայն, ըստ Ա.Յարութիւնեանի, դրա արդիւնաւէտութիւնը հիմնաւորուած կլինէր զարգացած ժողովրդավարութիւն ունեցող երկրներում, որտեղ անշեղօրէն պահպանւում է օրինականութիւնն ու պաշտպանւում են մարդու իրաւունքները, ինչը Հայաստանի համար բաղձալի ապագայ է: Պաշտպանը նաեւ գտնում է, որ նմանատիպ փոփոխութեան իրականացումը որոշ առումով, սահմանափակում է Մարդու իրաւունքների պաշտպանի անկախութիւնը, եթէ հաշուի առնուի, որ գերակշիռ դէպքերում նա գործում է իր աշխատակազմի աշխատակիցների միջոցով: «Բացի այդ, պէտք է հաշուի առնել, որ Մարդու իրաւունքների պաշտպանը ճանաչուել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի դէմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրութեամբ սահմանուած կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, ինչը ենթադրում է այդ բնագաւառում գործող աշխատակիցների գործունէութեան ռիսկայնության բարձրացում»,- նշում է Ա.Յարութիւնեյանը: Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրէնսգրքի յօդուած 78-ի 5-րդ մասի, յօդուած 111-ի 6-րդ մասի եւ յօդուած 127-ի ուժը կորցրած ճանաչելուն, ապա, ըստ Պաշտպանի, «մեր իրականութեան պայմաններում ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւորութեան, համայնքի ղեկավարի եւ աւագանու անդամի թեկնածուներին անձեռնմխելիութիւնից զրկելը նպատակահարմար չէ: Սոյն նախագծի ընդունումը կարող է հնարաւորութիւն ստեղծել անցանկալի թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար»: Ա.Յարութիւնեանի կարծիքով, նախագծերը մշակելիս պատշաճ հաշուի չեն առնուել անձեռնմխելիութիւնից զրկվող բոլոր անձանց կարգավիճակի առանձնահատկությունները, առաւել եւս` կոռուպցիայի դէմ պայքարի տեսանկիւնից: Մասնաւորապէս, խօսքը վերաբերում է Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին եւ թեկնածուներին: Հաշուի առնելով վերոշարադրեալը, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան նպատակահարմար չի համարում «Հայաստանի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքում» փոփոխութիւններ կատարելու մասին» եւ «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին» ՀՀ օրէնքների նախագծերի ընդունումը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, նկատի ունենալով «Հայաստանի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքում» փոփոխութիւններ կատարելու մասին» եւ «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին» ՀՀ օրէնքների նախագծերի հասարակական նշանակութիւնը, Պաշտպանն այդ նախագծերը փորձաքննության է ուղղարկել ԵԽ-ի Վենետիկի յանձնաժողով:
  -   Մարդու իրաւունքներ