ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՀՀ ՄԱՐԴՈՒ<br /> ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ<br /> ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 02-07-2008 09:58:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը ստանալու նպատակով հունիսի 23-ին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը Պաշտպանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով, ներկայացված օրենսդրական նախագծերը նպատակ են հետապնդում որոշակի խումբ անձանց զրկել անձեռնմխելիությունից, միեւնույն ժամանակ, վերացնում են դատախազի եւ հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու իրավունքը միայն ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լինելու պահանջը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները վերաբերում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետին. «Այն անձինք, ովքեր որեւէ պաշտոն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում, չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որեւէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար»: Այս կետի փոփոխման անհրաժեշտությունը հիմնավորվում է Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության իրավունք ունեցող անձանց հստակ շրջանակի առկայությամբ: Սակայն, ըստ Ա.Հարությունյանի, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում անձեռնմխելի սուբյեկտների սպառիչ ցանկ, ավելին` չի ամրագրում որեւէ դրույթ, որը կխոչընդոտեր օրենքով այլ անձանց անձեռնմխելիություն շնորհելուն: Բացի այդ, ինչպես նշում է Պաշտպանը, եթե փորձ է արվում դիմել օրենսդրության ունիֆիկացման, ապա հարկ կլիներ ընթանալ նաեւ Սահմանադրության փոփոխման ճանապարհով` վերացնելով բոլոր մյուս սուբյեկտների անձեռնմխելիության իրավունքը: Սակայն, ըստ Ա.Հարությունյանի, դրա արդյունավետությունը հիմնավորված կլիներ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում, որտեղ անշեղորեն պահպանվում է օրինականությունն ու պաշտպանվում են մարդու իրավունքները, ինչը Հայաստանի համար բաղձալի ապագա է: Պաշտպանը նաեւ գտնում է, որ նմանատիպ փոփոխության իրականացումը որոշ առումով, սահմանափակում է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը, եթե հաշվի առնվի, որ գերակշիռ դեպքերում նա գործում է իր աշխատակազմի աշխատակիցների միջոցով: «Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, ինչը ենթադրում է այդ բնագավառում գործող աշխատակիցների գործունեության ռիսկայնության բարձրացում»,- նշում է Ա.Հարությունյանը: Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 78-ի 5-րդ մասի, հոդված 111-ի 6-րդ մասի եւ հոդված 127-ի ուժը կորցրած ճանաչելուն, ապա, ըստ Պաշտպանի, «մեր իրականության պայմաններում ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության, համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելը նպատակահարմար չէ: Սույն նախագծի ընդունումը կարող է հնարավորություն ստեղծել անցանկալի թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար»: Ա.Հարությունյանի կարծիքով, նախագծերը մշակելիս պատշաճ հաշվի չեն առնվել անձեռնմխելիությունից զրկվող բոլոր անձանց կարգավիճակի առանձնահատկությունները, առավել եւս` կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին եւ թեկնածուներին: Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նպատակահարմար չի համարում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նկատի ունենալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հասարակական նշանակությունը, Պաշտպանն այդ նախագծերը փորձաքննության է ուղղարկել ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play