ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍԱՏԱՆՈՒՄ ԱՒԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՃՈՒՄ, ՔԱՆ<br /> ԱՐՏԵՐԿՐՈՒՄ<br />


ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍԱՏԱՆՈՒՄ ԱՒԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՃՈՒՄ, ՔԱՆ
ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

  • 26-03-2008 20:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորումը նպաստում է Հայաստանում գների աճի զսպմանը, ինչով, մասնաւորապէս, բացատրւում են այլ երկրների համեմատ գների աճի ցածր տեմպերը: Այս մասին յայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, Ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ներսէս Երիցյանը` խմբի մարտի 26-ի նիստում: Նշենք, որ աշխատանքային խումբն ստեղծուել է 2007թ.-ի դեկտեմբերին` ՀՀ վարչապետի յանձնարարականով: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Վահրամ Ղուշչյանը նշեց, որ մոնիտորինգի են ենթարկուել սպառողական զամբյուղում ներառուած առաջին անհրաժեշտութեան 6 ապրանքատեսակների` հացահատիկի, ալիւրի, ձեթի, շաքարաւազի, կարագի եւ բրնձի, գները: Նրա տուեալներով, այս տարուայ փետրուարին 2007թ.-ի փետրուարի համեմատ արձանագրուել է հացահատիկի 26,1%, արեւածաղկի ձեթի 46,9%, բրնձի 12,1%, ալիւրի 32,5%, պանրի 5,6% գների աճ: Կարագի եւ շաքարաւազի գները նուազել են, համապատասխանաբար, 4,9%-ով եւ 16,3%-ով: Այս տարուայ մարտի 25-ին փետրուարի նկատմամբ հացի գինն աճել է 13%-ով, ալիւրի գինը` 9,7%-ով, կլորավուն բրնձի գինը` 29,6%-ով. իսկ երկարավուն բրնձի գինը նուազել է 15%-ով: Բուսական իւղի որոշ տեսակների գները նուազել են մինչեւ 6,5%-ով, միւսների գներն աճել են մինչեւ 5,8%-ով, կարագի որոշ տեսակների գներն աճել են մինչեւ 2,1%-ով, միւսների գները` նուազել մինչեւ 3%-ով: Շաքարաւազի գինն աճել է 5,9%-ով: Նշուեց նաեւ, որ ՄԱԿ-ի Պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութեան (FAO) տուեալներով 2007թ.-ին սննդամթերքի (այդ թւում` նշուած աշխատանքային խմբի կողմից մոնիտորինգի ենթարկված ապրանքների) գները միջազգային շուկայում եւս աճել են, իսկ սննդամթերքի գների միջին ինդեքսը կազմել է 157%`, ինչը 23%-ով բարձր է 2006թ.-ի ցուցանիշից: Մասնաւորապէս, եթէ 2007թ.-ի դեկտեմբեր - 2008թ.-ի յունուար ժամանակահատուածում ցորենի 1 տոննայի միջազգային գինը կազմել է շուրջ 370 դոլար, ապա փետրուարի 27-ին արդէն` 446 դոլար, իսկ մայիսի համար յայտարարուած ֆիւչերային գործարքներով` 540 դոլար: 2007թ.-ին Թայլանդում բրնձի 1 տոննայի միջին գինը կազմել է 500 դոլար, իսկ Չիկագոյի ապրանքային բորսայում այն հասել է 400 դոլարի, ինչը նախորդ տարուայ ցուցանիշը գերազանցում է աւելի քան 75%-ով: FAO-ի տուեալներով, համաշխարհային շուկայում գրանցուել է նաեւ կարագի 50% եւ կաթնամթերքի 80% գների աճ: Փոխնախարարի խօսքերով, միջազգային փորձագէտների գնահատականների համաձայն, սննդամթերքի միջազգային գների աճի հիմնական պատճառը նաւթի միջազգային գների աննախադէպ աճն է եւ դրանով պայմանաւորուած` կենսավառելիքի արտադրութեան ծաւալների աճը, ինչն իր հերթին նպաստել է հացահատիկի, ճակնդեղի, սոյայի գների կայուն բարձր մակարդակի պահպանմանը: Նշուած գների աճին նպաստում է նաեւ սննդամթերքի սպառման ծաւալների աճը, ինչը հիմնականում պայմանաւորուած է զարգացող երկրներում, յատկապէս, Չինաստանում եւ Հնդկաստանում սննդամթերքի սպառման աճի հետ: Ընդ որում, արձանագրուող բոլոր ցուցանիշերը կանխատեսում են, որ գնաճը մինչեւ 2020թ.-ը շարունակական միտում է ունենալու: Ըստ փոխանախարի, FAO-ի կանխատեսումներով, համաշխարհային պարենային ապահովութեան ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մօտ 500 մլն դոլար: Նշուեց, որ Հայաստանի պարենային անվտանգութեան եւ ներքին գների պաշտպանութեան համար ՀՀ կառավարութիւնը ձեռնարկում է պարենամթերքի ներքին արտադրութեան խթանմանը նպաստող քայլեր: Այդ նպատակով 2008թ.-ին նախատեսուել է գիւղատնտեսութեան բիւջէտային սուբսիդավորում` 1 մլրդ 600 մլն դրամ (մօտ 5,2 մլն ԱՄՆ դոլար) ծաւալով:
  -   Տնտեսութիւն