ՆՅՈՒ ԵՈՐՔ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միլիարդատերերի թիւն
աշխարհում, ըստ 2007 թուականի արդիւնքների, հասել է ռեկորդային
մակարդակի: Այժմ 1 միլիարդ դոլարը գերազանցող կարողութիւն ունեն
մոլորակի 1125 բնակիչներ: Այս տուեալները, սեփական հետազօտութեան
արդիւնքները վկայակոչելով, հրապարակել է «Ֆորբս» ամերիկեան
գործարար հանդէսը:
Առաջին անգամ աշխարհի միլիարդատերերի թիւը գերազանցել է հազար
մարդու նշագիծը. 2006 թուականին աշխարհում հաշւում էին 946 մարդ,
որոնց հարստութիւնը չափւում է առնուազն տասանիշ թուերով: Աշխարհի
ամենահարուստ մարդկանց միջին կարողութիւնը 3,9 մլրդ դոլար է, ինչը
250 միլիոնով աւելի է նախորդ տարուայ համեմատ: Միլիարդատերեըը
փոքր-ինչ «երիտասարդացել են»` նրանց միջին տարիքը իջել է մինչեւ 61
տարուայ: Աշխարհի բոլոր միլիարդատերերի ընդհանուր հարստութիւնը, ըստ
«Ֆորբսի» հաշուարկների, կազմում է 4,4 տրլն դոլար, ընդ որում
աշխարհի հարուստների առաջին «տասնեակի» միացեալ կապիտալը
հաւասարւում է 426 մլրդ դոլարի:
Մոլորակի ամենահարուստ մարդը յայտնի ամերիկացի ներդրող Ուորեն
Բաֆետն է, որն ունի 62 մլրդ դոլարի կարողութիւն: 2007 թուականի
արդիւնքներով Ռուսաստանում կան 87 միլիարդատերեր, իսկ
ռուսաստանցիներից ամենահարուստը եղել է «Բազովի էլեմենտ» հոլդինգի
ղեկավար Օլեգ Դերիպասկան, որի հարստութիւնը գնահատւում է 28 մլրդ
դոլար: