108 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԸ
07-02-2008 20:10:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆլորիդայում 108
տարեկան հասակում վախճանուել է Առաջին համաշխարհային պատերազմի
վետերան Հարրի Ռիչարդ Լենդիսը: Այս մասին յայտնում են ամերիկեան
լրատվամիջոցները` վկայակոչելով «Associated Press»
գործակալութեանը:
Հ.Ռ.Լենդիսը 1918թ. զինուորական ծառայութեան էր անցել բանակում
եւ Առաջին համաշխարհային պատերազմի ողջ մնացած միայն երկու յայտնի
ամերիկացի վետերաններից մէկն էր:
Ըստ Վետերանների հարցերով ԱՄՆ նախարարութեան` ամերիկացի միւս
վետերանը 107-ամեայ Ֆրենկ Բաքլսն է, ով ապրում է Արեւմտյան
Վիրջինիայում: Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում է ապրում նաեւ
պատերազմի վետերան 107-ամեայ Ջոն Բաբքոքը, որը ծառայել է կանադական
բանակում:
Հ.Ռ.Լենդիսը պատերազմի աւարտին պատրաստւում էր որպէս ԱՄՆ
բանակի զորակոչիկ, բայց երբեք չի ուղարկուել արտասահման: Սակայն
Վետերանների հարցերով նախարարութիւնը նրան համարում է այն 4,7 մլն
մարդկանցից մէկը, ովքեր ծառայում էին Աշխարհամարտի ժամանակ:
Հ.Ռ.Լենդիսը գերմանացիների դէմ նորից կռուելու համար դիմել էր
1941թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 42
տարեկանում մերժում էր ստացել` որպէս մեծ տարիք ունեցող: