«ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՐԾԵԼ ԵՆ<br /> ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՈԼԱՆԴԱՑԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ<br />


«ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՐԾԵԼ ԵՆ
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՈԼԱՆԴԱՑԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

  • 14-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայփոստ»-ի աշխատանքից ազատուած 100 աշխատակիցները գործել են ընկերութեան դէմ: Այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում յայտարարեց «Հայփոստ»-ի գլխաւոր տնօրէն Հանս Բոոնը: Միաժամանակ նա նշեց, որ առաջիկայ 5 տարիներին նման ազատումներ չեն լինելու, թէեւ որոշ կրճատումներ նախատեսւում են: «Որեւէ աշխատակից փողոցում չի մնայ, մենք նրանց համար կփորձենք աշխատանք գտնել»,- հաւաստիացրեց Հ.Բոոնը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ընկերութեան աշխատակիցների հետ կկնքվեն երեք տարուայ ժամկէտով կոլեկտիւ պայմանագրեր, իսկ երկար տարիներ աշխատած մասնագէտների հետ` անհատական անժամկէտ պայմանագրեր: Հ.Բոոնը հաւաստիացրեց, որ փոստային 900 բաժանմունքներից ոչ մէկը չի փակվելու, թէեւ չնշեց, թէ դրանցից քանիսն են համապատասխանում միջազգային չափանիշներին: Յիշեցնենք, որ ընկերութիւնը պարտաւորուել է բոլոր փոստային բաժանմունքները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Չնշուեց նաեւ, թէ «Հայփոստ»-ի կառավարման մէկ տարում որքան ներդրումներ են կատարուել: Հ.Բոոնը տեղեկացրեց միայն, որ ընկերութեան եկամուտները վերջին ինն ամիսներին, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, 40%-ով աճել են: Հոլանդացի կառավարչի կողմից ընկերութիւնում բացայայտուած չարաշահումների գործը, ըստ Հ.Բոոնի, հետաքննութեան փուլում է, որի վերջնական արդիւնքները պարզ կդառնան առաջիկայ մի քանի ամիսներին: Միաժամանակ նշուեց, որ «Հայփոստ»-ում երեք տարի տեւած միջազգային աուդիտը չարաշահումներ չի յայտնաբերել: Հ.Բոոնը նշեց նաեւ, որ «Հայփոստ»-ում դրամաշորթութեան երեւույթների վերացումից յետոյ միայն կարելի է խօսել «Հայփոստբանկ»-ի բացման մասին:
  -   Տնտեսութիւն