ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ<br /> ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ» <br />


ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ»

  • 16-10-2007 20:16:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում «Տոնինո Գուերան եւ իր ընկերները» խորագրով մշակոյթային օրերի անցկացման կապակցութեամբ Հայաստան է ժամանել Տոնինո Գուերան տիկնոջ` թարգմանչուհի Լոռա Գուերայի հետ: Հոկտեմբերի 16-ին աշխարհահռչակ սցենարիստին, գրողին եւ նկարչին ընդունել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը: Ողջունելով աշխարհահռչակ արուեստագէտին, նա յայտնել Տ.Գուերային Հայաստանի եւ հայ ժողովրդի, հայ մշակոյթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար: Ըստ Տ.Գուերայի, Հայաստանն ու Իտալիան նման են իրար, քանի որ աղքատ են բնական ռեսուրսներով, բայց հարուստ են անցեալով, մշակոյթային ժառանգությամբ: Արուեստագէտն ընդգծել է, որ այդ ամէնը անհրաժեշտ է պատշաճ մակարդակով ներկայացնել աշխարհին: Անդրադառնալով «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին, նա կարեւորել է միջազգային նման միջոցառումների դերը սեփական երկիրն ու ժողովուրդը աշխարհին առաւել ճանաչելի դարձնելու գործում: «Տոնինո Գուերա» մշակոյթային հիմնադրամի տնօրէն Լոռա Գուերան նշել է, որ արդէն 2 տարի է, ինչ Երեւանում գործում է այդ հաստատութեան հայկական գրասենեակը, որի հիմնական նպատակը համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հոգեւոր-մշակոյթային, հասարակական կապերի ամրապնդումն ու հայ-իտալական մշակոյթային կենտրոնի ստեղծումն է: Նա ներկայացրել է ծրագրերից մի քանիսը, որոնց թւում են մշակոյթային միջոցառումների անցկացումը, Երեւանում Տ.Գուերայի նախագծով շատրվանի կառուցումը, որն ըստ մեծ արուեստագէտի, պէտք է ունենայ «Ճանապարհ դէպի պատմութիւն եւ մշակոյթ» խորհրդանշական անուանումը: ՀՀ վարչապետը խոստացել է աջակցել այդ ծրագրի իրականացմանը, որը, ըստ նրա, կարող է լաւ նուէր լինել յաջորդ տարի տոնվելիք Երեւանի 2790-ամեակին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը, կինոռեժիսոր, սցենարիստ եւ նկարիչ Ռուստամ Խանդամովը, մշակոյթի օրերի ծրագրի ղեկավար Արմէն Մազմանեանը:
  -   Մշակոյթ