«ՌՈՅԱԼ ԱՐՄԷՆԻԱՅԻ» ԲԱԺՆԵՏԷՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ ԿԱԼԱՆՈՒԵԼ Է,<br /> ԴԱՏԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒԵՑ ՄԻՆՉԵՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը<br />


«ՌՈՅԱԼ ԱՐՄԷՆԻԱՅԻ» ԲԱԺՆԵՏԷՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ ԿԱԼԱՆՈՒԵԼ Է,
ԴԱՏԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒԵՑ ՄԻՆՉԵՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը

  • 03-10-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոյալ Արմէնիա» ընկերութեան համասեփականատէր Գագիկ Յակոբեանը հոկտեմբերի 3-ին վերադարձել է Երեւան, օդանավակայանից ոստիկանները նրան ուղեկցել են Երեւանի Շենգաւիթ համայնքի ոստիկանութեան բաժին, նա կալանաւորուել է եւ տեղափոխուել «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկ: Այդպիսով ի կատար է ածուել Քրէական վերաքննիչ դատարանի օգոստոսի 29-ի որոշումը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու մասին: Այդ որոշմամբ, բուժման նպատակով Իսպանիայում գտնուող Գ.Յակոբեանի նկատմամբ հետախուզում էր յայտարարուել, իսկ նրա մասով գործը կասեցուել էր մինչեւ նրա վերադարձը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Գ.Յակոբեանի պաշտպան Աշոտ Սարգսեանը, հոկտեմբերի 3-ին ինքը միջնորդութիւն է ներկայացրել Քրէական վերաքննիչ դատարան, խնդրելով քննել Գ.Յակոբեանի խափանման միջոցը փոխելու հարցը, ինչպէս նաեւ գործը կասեցումից հանել եւ դատաքննութիւնը վերսկսել զույգ ամբաստանեալների մասնակցութեամբ: Յիշեցնենք, որ «Ռոյալ Արմէնիա» ընկերութեան փոխտնօրեն Արամ Ղազարեանի մասով գործը քննվում էր Քրէական վերաքննիչ դատարանում` մեղադրողների եւ տուժողի` «Ֆեդերալ Ինվեստմենտ գրուպ»-ի ներկայացուցիչ Վաչէ Պետրոսեանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքների հիման վրայ: Նրանք բողոքարկում են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանի արդարացման դատավճիռը, պահանջելով ամբաստանեալներին յանցաւոր ճանաչել մեղադրանքի ողջ ծաւալով` հաշիւ-ապրանքագրերը կեղծելու, հարկերի վճարումից չարամտօրէն խուսափելու, մաքսանենգութեան, յանցաւոր ճանապարհով ստացուած եկամուտները օրինականացնելու, «Federal Investment Group» ընկերութեան գոյքը խաբէութեամբ յափշտակելու մեղադրանքներում: Ա.Ղազարեանի մասով դատական նիստը հոկտեմբերի 3-ին չկայացաւ, դատարանի յայտարարութեամբ` մեղադրողների բացակայութեան պատճառով: Մեղադրողները դատարան էին ներկայացել դատական նիստի ժամից 19 րոպե ուշացումով, սակայն արդէն դատարանը նիստը յետաձգել էր մինչեւ հոկտեմբերի 15-ը:
  -   Հասարակութիւն