ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՅ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ<br /> ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՅ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

  • 27-09-2007 22:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրենց զբաղեցրած բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը ձգձգելու կապակցութեամբ սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարութեան շէնքի մօտ բողոքի ցոյց էին կազմակերպել Երեւանի Եզնիկ Կողբացի փողոցի եւ Դալմայի այգիների բնակիչները: Նրանք պահանջում են վերականգնել իրենց ոտնահարուած իրաւունքները եւ ճանաչել իրենց կողմից օգտագործվող հողամասերի եւ բնակարանների նկատմամբ սեփականութեան իրաւունքը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Սեփական իրաւունքի պաշտպանութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Վաչագան Յակոբեանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը, ապրիլի 13-ին ընդունելով ցուցարարներին, խոստացել էր խորհրդարանական ընտրութիւններից անմիջապէս յետոյ լուծել այդ խնդիրը: Թէեւ վարչապետն այդ տարածքներում անշարժ գոյքի սեփականաշնորհման գործընթացն արագացնելու յանձնարարութիւն էր տուել քաղաքապետ Երուանդ Զախարյանին, սակայն, ըստ Վ.Յակոբեանի, մինչ օրս այդ յանձնարարականը չի կատարուել: Վ.Յակոբեանի խօսքերով, կառավարութեան մի շարք որոշումների հիման վրայ, որոնք յետագայում ճանաչուեցին հակասահմանադրական, Երեւանի քաղաքապետարանը, օգտագործելով ուժային կառոյցների, վարչական եւ դատական համակարգերի լծակները, իրականացրել եւ այժմ էլ շարունակում է իրականացնել ՀՀ քաղաքացիների զանգվածային տեղահանում իրենց պատկանող բնակարաններից: «Մենք պահանջում ենք քաղաքապետի հրաժարականը. նա պէտք է պատասխանատւութեան ենթարկուի «պետական կարիքների» անուան տակ տարածքները գործարարներին վաճառելու համար»,- յայտարարեց Վ.Յակոբեանը: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարեանը նշեց, որ վարչապետի կողմից դրական պատասխան չստանալու դէպքում բնակիչները մտադիր են բաց նամակով դիմել հանրապետութեան նախագահին, ինչպէս նաեւ միջազգային մի շարք կառոյցների, այդ թւում` Եւրոպական դատարան:
  -   Հասարակութիւն