ՊՌՈՇԵԱՆ ԳԻՒՂՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՈՒԱԾ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՅՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
24-09-2007 16:40:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կանադահայ բարերարներ
Նիկոլ եւ Զաբել Աբրահամեանների ֆինանսական աջակցութեամբ Կոտայքի
մարզի Պռոշեան գիւղում կառուցուել է արցախեան պատերազմում զոհուած
պռոշյանցի ազատամարտիկների յուշահամալիրը: Յուշարձանը նախագծել է
ճարտարապետ Թելման Գեւորգեանը:
Ինչպէս սեպտեմբերի 23-ին յուշահամալիրի բացման արարողութեան
ժամանակ նշեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Յովհաննիսեանը,
սա մէկ անգամ եւս վկայում է, որ ժողովուրդը ոչ միայն չի մոռացել իր
հերոսներին, այլեւ ամէն ինչ անում է նրանց անունը սերունդների
յիշողութեան մէջ միշտ վառ պահելու համար: «Այս տղաները զոհուել են
ոչ թէ իրենց գիւղի, այլ հայ ժողովրդի եւ պետութեան համար»,- նշեց
Վ.Յովհաննիսեանը` յաւելելով, որ հայ ժողովուրդը այսօր էլ այնքան
մարտունակ է, որ ցանակացած պահի կարող է ոտքի կանգնել եւ պաշտապնել
հայրենիքի սահմանները:
Պռոշեանի գիւղապետ Հրաչ Մուրադեանի խօսքերով, մօտ 15 տարի
պռոշյանցիները սպասել են տարբեր պատճառներով ձգձգվող յուշարձանի
կառուցմանը: «Յետագայ սերունդները գալով այս պանթեոն մէկ անգամ եւս
կգիտակցեն, թէ ինչ գնով է ազատագրուել Արցախը: Մենք հպարտանում ենք
մեր հերոսներով, եւ փառք այն ժողովրդին, որը չի մոռանում իր
հերոսներին»,- ասաց նա:
Ի դէեպ, Պռոշեան գիւղում բնակութիւն հաստատած կանադահայ
Աբրահամեանների ընտանիքը Հայաստանում իրականացնում է տարբեր
բարեգործական ծրագրեր: Նրանց աջակցութեամբ Պռոշյանում կառուցւում է
մարզադպրոց, վերանորոգւում է գիւղի բուժկենտրոնը, շուտով կսկսուեն
նաեւ գիւղի մանկապարտէզի եւ դպրոցի վերանորոգման աշխատանքները: