ՍԿՍՈՒԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՌՈՒՍԱԿԱՆ ԽՕՍՔԻ ՕՐԵՐ»<br />


ՍԿՍՈՒԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՌՈՒՍԱԿԱՆ ԽՕՍՔԻ ՕՐԵՐ»

  • 12-09-2007 18:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 12-ին Հայաստանի եւ Ռուսաստանի գրողների միութիւնների միջեւ ստորագրուեց բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխօգնության գործող պայմանագիրն ամրապնդող փաստաթուղթ: Այս արարողութեամբ պաշտօնապէս բացուեցին «Ռուսական խօսքի օրերը» Հայաստանում: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանեանը նշեց, որ, պայմանագիրը գործում է շուրջ 10 տարի, եւ այդ տարիների ընթացքում բաւականին մեծ աշխատանք է տարուել, մասնաւորապէս, ռուսական եւ հայկական բազմաժանր ստեղծագործությունները թարգմանելու ուղղութեամբ: «Բարեկամութեան եւ համագործակցութեան ռուսական ընկերութիւնն ամէն կերպ նպաստում է երկու երկրների միջեւ գրական, տեղեկատուական փոխանակումների վերականգնմանը: Այդ նպատակով այստեղ ենք բերել մի շարք գրքեր, որոնք կապացուցեն, որ մեր երկրներում գրականութիւնը եւ պոեզիան ապագայ ունեն: Գրականութեան միջոցով է, որ յատկապէս սերտ կապեր պիտի ունենանք միմեանց հետ»,- ընդգծեց ռուսական պատուիրակութեան ղեկավար, Հայաստանի հետ բարեկամութեան եւ համագործակցութեան ռուսական ընկերութեան նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: ՌԴ գրողների միութեան քարտուղար Նիկոլայ Պերեյասլովն ասաց, որ հայ եւ ռուս գրողների հանդիպումները թէեւ յաճախ չեն լինում, սակայն սովորաբար արգասաբեր են: Նրա խօսքով, ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ գրական շփումները հնարաւոր են դառնում անկեղծ ու փոխշահավետ համագործակցութեան շնորհիւ: Մինչեւ սեպտեմբերի 17-ը կանցկացուեն բազմաբնոյթ մշակոյթային միջոցառումներ` նուիրուած ռուսաց լեզուին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գրական, տեղեկատուական կապերի ամրապնդմանը: «Ռուսական խօսքի օրերը» կազմակերպել է Հայաստանի հետ բարեկամութեան եւ համագործակցութեան ռուսաստանեան ընկերութիւնը:
  -   Մշակոյթ