ԿԱՆԱԴԱԿԱՆ «ՍԱՍՈՒՆ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ԿԶԲԱՂՈՒԻ ՀՀ
ԳԱԱ-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԱԽԱԳԾՒՈՂ 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ
ԷԼԵԿՏՐԱԹԵՐՄՈԳՐԱՖԻ ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄՈՎ
10-09-2007 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ Քիմիական
ֆիզիկայի ինստիտուտը «Սասուն Ինվեսթմենթս» ընկերութեան հետ
ստորագրել է համագործակցութեան պայմանագիր, որի համաձայն կանադական
ընկերութիւնն զբաղուելու է ինստուտում նախագծւող 5-րդ սերնդի
էլեկտրոթերմոգրաֆի (ԷԹԳ) առեւտրայնացման հարցերով: Այս մասին
«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ինստիտուտի
Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) կինետիկայի
լաբորատորիայի եւ Երեւանի պետական համալսարանի Քիմիական ֆիզիկայի
ամբիոնի վարիչ Սուրէն Խառատեանը:
Նրա խօսքերով, 5-րդ սերնդի ԷԹԳ-ն նախագծւում է եւ կպատրաստուի
«Սասուն ինվեսթմենթսի» միջոցներով: Այդ ընկերութիւնը գլխաւորում է
մի կանադահայ գործարար, որը նախկինում եղել է ինստիտուտի որոշ
ծրագրերի հովանաւորը:
Ըստ Ս.Խառատեանի, ԷԹԳ-ն թոյլ է տալիս մետաղէ լարը մինչեւ
500-3500 աստիճան տաքացնելուց կատարել մետաղի ֆիզիկական եւ
էլեկտրական պարամետրերի վայրկեանում մինչեւ 10-25 հազար չափում,
նաեւ նիւթի ռենտգենաֆազային եւ էլոկտրոն-մանրադիտակային
անալիզներ: Նշուեց, որ ԷԹԳ-ն կարող է կիրառուել հիմնականում
նիւթաբանութեան, անօրգանական քիմիայի, պինդ նիւթերի ֆիզիկայի,
բարձրջերմաստիճանային տեխնիկայի կիրառման բոլոր բնագաւառներում:
«ԲԻՍ պրոցեսների ուսումնասիրութեան եւ մոդելաւորման համար
նախատեսուած այլ սարք որեւէ մէկի կողմից չի ստեղծուել»,- նշեց
լաբորատորիայի վարիչը: Նա յաւելեց, որ նախագծւող ԷԹԳ-ն նախորդ
սերնդի համանման սարքի համեմատ սահմանափակումներ չի ունենայ պրոցեսի
տեւողութեան, չափման հաճախության, գրանցման գրաֆիկական պատկերը
ժամանակի իրական ռեժիմում ստանալու առումով: Նշուած
սահմանափակումների վերացման համար ԷԹԳ-ում տեղադրուելու են
միկրոպրոցեսորներ, որոնք ապահովելու են կապը «Վինդոուզ»
միջավայրում աշխատող համակարգչի հետ: