ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ<br /> ԵՆ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ<br />


ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԵՆ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

  • 13-08-2007 18:28:00   |   |  Միջազգային
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայում ազգութեամբ թուրք սենատոր Դյուզգյուն Յըլդըրըմի կուսակիցները պահանջում են վերջինիս հրաժարականը: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը: Հոլանդիայի նահանգային խորհրդարանների անդամների ընտրութիւններում Դյուզգյուն Յըլդըրըմը Սոցիալիստական կուսակցութեան ցուցակով ընտրուել է որպէս սենատոր: Սակայն կուսակցութեան գլխաւոր քարտուղար Հանս վան Հեյնինգենը նամակ է յղել ազգութեամբ թուրք սենատորին եւ պահանջել մինչեւ օգոստոսի 24-ը վայր դնել իր մանդատը: Հոլանդիայում Սենատի անդամները ընտրվում են նահանգային խորհրդարանների անդամների կողմից: Մայիսի 29-ին կայացած ընտրութիւններին Դյուզգյուն Յըլդըրըմը մասնակցել է Սոցիալիստական կուսակցութեան կազմում, որի ցուցակում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը: Սակայն քուէարկութեան ընթացքում ձայների մեծամասնութեամբ Յըլդըրըմը, զբաղեցնելով ցուցակում 12-րդ հորիզոնակը, ընտրուել էր Սենատի անդամ: Սոցիալիստական կուսակցութիւնն իր պահանջը հիմնաւորում է նրանով, որ «կուսակցութեան ցուցակը փոփոխման ենթակայ չէ», իսկ Յըլդըրըմը ընտրուել է 12-րդ թեկնածուի փոխարէն: Կուսակցութիւնը պահանջում է, որ վերջինս իր տեղը զիջի ցուցակով իրենից առաջ գրանցուած թեկնածուներից մէկին: Ազգութեամբ թուրք սենատորը թուրքական հեռուստաընկերություններից մէկին տուած հարցազրոյցի ժամանակ նշել է, թէ «Սոցիալիստական կուսակցութեան որոշումը ժողովրդավարական չէ». «Իմ հրաժարականի հետ կապուած պահանջը կարող է բխել այն բանից, որ ես ծագումով թուրք եմ: Սակայն չեմ պատրաստւում զիջել իմ դիրքերը եւ շարունակելու եմ պայքարել»,- յայտարարել է Դյուզգյուն Յըլդըրըմը:
  -   Միջազգային