ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՒՈՐ Է` ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԻՒՆ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՒՈՐ Է` ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԻՒՆ

  • 09-08-2007 17:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի կառավարութիւնը քննարկում է երկրում արտակարգ դրութիւն մտցնելու հարցը, որի մասին որոշումը կկայացուի մօտակայ ժամերի ընթացքում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն: Երկրում ստեղծուած պայթիւնավտանգ իրավիճակի պատճառներից մէկը Աֆղանստանի սահմանին «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների հետ բախումներն են: Վերջին օրերի ընթացքում զոհուել է 12 եւ վիրաւորուել 10 գրոհային: Ըստ պաշտօնական տուեալների, պակիստանցի զինծառայողների կողմից զոհեր չեն գրանցուել: Նշւում է, որ Իսլամաբադի համար սպառնալիք է հանդիսանում նաեւ ԱՄՆ-ի` ստեղծուած իրավիճակին հնարաւոր միջամտութիւնը: Ամերիկեան քաղաքական գործիչները բազմիցս յայտարարել են Պակիստանում ինչպէս «Ալ Ղաիդա»-ի, այնպէս էլ թալիբների դիրքերին հարուած հասցնելու մասին: Նշւում է նաեւ, որ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը վերջին րոպեին հրաժարուել է մեկնել Քաբուլ, որտեղ օգոստոսի 9-ին մեկնարկում է պակիստանա-աֆղանական աւագանու ժողովը, որի ընթացքում քննարկվելու է ահաբեկչութեան թեման: Պակիստանի ներքաղաքական իրավիճակը սրուել էր այն բանից յետոյ, երբ Իսլամաբադում կառավարական զորքերը գրոհով վերցրել էին Կարմիր մզկիթը: Յիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանութեան եւ զօրքերի կողմից յուլիսի 3-ին շրջափակվել էր իսլամիստ ուսանողների եւ ներքին զօրքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից յետոյ, ինչի հետեւանքով զոհուել էր 12 եւ վիրաւորուել մօտ 150 մարդ: Յուլիսի 11-ին Պակիստանի կառավարական զորքերը գրոհայիններից ամբողջութեամբ ազատագրել էին մզկիթը: Գրոհի ժամանակ մեծ կորուստներ էր գրանցուել ինչպէս իսլամիստ գրոհայինների, այնպէս էլ զինվորականների կողմից: Սպանուել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին:
  -   Միջազգային