ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ<br /> ՈՒ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ<br />


ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ
ՈՒ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ

  • 06-07-2007 17:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 29-ի կէսգիշերին ՀՀ ոստիկանութեան աշխատակիցները, պայթեցնելով ԱԺ պատգամաւոր Յակոբ Յակոբեանի (Լեդի Յակոբ) եղբոր եւ եղբորորդու տների դարպասները ներս են խուժել նրանց տներ եւ ձերբակալել Հ.Յակոբեանի եղբորը` Սիմոն Յակոբեանին եւ վերջինիս կրտսեր որդուն` Վարդան Յակոբեանին: Ս.Յակոբեանի մեծ որդուն` Ստեփան Յակոբեանին, յաջողուել է փախչել: Ոստիկանները յայտնաբերել են մեծ քանակությամբ զինամթերք: Ինչպէս տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, Ս.Յակոբեանին ոստիկանութիւնում պահել են 2-3 օր, իսկ Վ.Յակոբեանը դեռեւս ձերբակալուած է: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, յիշեալ գործողութեան հրահանգը «իջեցուել է ամենավերեւներից». ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանը եւ վարչապետ Սերժ Սարգսեանը իրաւապահներին հրահանգել են արագ բացայայտել 2006թ. յունիսի 22-ին տեղի ունեցած, ՀՀԿ հանգուցեալ անդամ, նախկին պատգամաւոր Վահան Զատիկեանի որդու` Սեդրակ Զատիկեանի սպանութիւնը, որի հետ ենթադրւում է, որ կապուած է Հ.Յակոբեանի շրջապատը: Ըստ «ՀԺ»-ի, պատգամաւորի ընտանիքի դէմ յատուկ գործողութիւնները սկսուել են Ս.Զատիկեանի սպանութեան գործով յունիսի 31-ին ձերբակալուած Արսէն Առուշանեանի տուած ցուցմունքներից յետոյ, երբ նա նշել է Հ.Յակոբեանի շրջապատից ոմանց անուններ: Ի թիւս այլ վարկածների, թերթը նշում է, որ Ս.Զատիկեանի սպանութիւնը կապւում է 2005թ.-ի սեպտեմբերի 25-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած աւագանու ընտրութիւնների հետ, երբ Ս.Զատիկյանը հաւաքել էր մեծ թւով ձայներ, եւ Հակոբյանները մտավախութիւն են ունեցել, որ նա կարող է արագ գրաւել այն դիրքերը, որոնք նախկինում գրաւում էր նրա հանգուցեալ հայրը: Հետեւաբար «Հակոբյանենք ազդեցութեան ոլորտը կորցնելու խնդիր են ունեցել, եւ դրա համար կազմակերպուել է Սեդրակ Զատիկեանի սպանութիւնը»,- նշում է թերթը:
  -   Հասարակութիւն