ՉԵԽ ՅԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՆ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՈՒԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ<br />


ՉԵԽ ՅԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՈՒԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ

  • 05-04-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջին անգամ եւ միայն մէկ համերգային ծրագրով «Արամ Խաչատրեան» համերգասրահում ապրիլի 6-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի հետ հանդէս կգան չեխ յայտնի երաժիշտներ` դիրիժոր Լեոշ Սվարովսկին եւ ջութակահար Ֆրանտիշեկ Նովոտնին: Նուագախումբը կղեկավարի Լեոշ Սվարովսկին, կհնչեն Սմետանայի «Վլատավա» սիմֆոնիկ պոեմը` «Իմ հայրենիք» շարքից, Քրոնգոլդի Ջութակի կոնցերտը եւ Դվորժակի 7-րդ սիմֆոնիան: Ինչպէս ապրիլի 5-ին կայացած մամլոյ ասուլիսում նշեցին երաժիշտները, Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի հրաւէրը իրենք ընդունել են միանգամից, քանի որ մինչ այդ արդէն լսել էին օրկեստրի ելոյթները «Պրագայի աշուն» դասական երաժշտութեան փառատոնում: Չեխ երաժիշտները քաջատեղյակ են հայ դասական երաժշտությանն ու բազմիցս կատարել են հայ կոմպոզիտորների գործերը: Ջութակահար Ֆրանտիշեկ Նովոտնին ընդգծեց, որ ինքը յաճախ է կատարում Արամ Խաչատրեանի Ջութակի կոնցերտը, շատ սիրում եւ գնահատում է նրա ստեղծագործությունները. «Թերեւս չկայ ջութակահար, որ այդ մեծ կոմպոզիտորի կոնցերտը կատարած չլինի»: Չեխ երաժիշտները գոհ են նուագախմբի հետ համագործակցութիւնից: Նրանց խօսքերով, «կոնտակտը շատ արագ ու սահուն ստացուեց», եւ իրենք համոզուած են, որ յետագայում եւս կհամագործակցեն նուագախմբի հետ: Երաժիշտները թէեւ առաջին անգամ են Երեւանում, սակայն քաջատեղյակ են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեանն ու մշակոյթին:
  -   Մշակոյթ