ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲԸ ԻՐ ՎԵՐԱԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ<br /> 10-ԱՄԵԱԿԸ ԿՆՇԻ ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲԸ ԻՐ ՎԵՐԱԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ
10-ԱՄԵԱԿԸ ԿՆՇԻ ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

  • 03-04-2007 19:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պետական կամերային նուագախումբը (ՀՊԿՆ) ապրիլի 5-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համերգասրահում հանդէս կգայ իր վերակազմաւորման 10-ամեակին նուիրուած յոբելեանական համերգով: Նուագախմբի հրաւէրով համերգին կմասնակցեն իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, ամերիկահայ պարուհի Աիդա Ամիրխանեանը: Ինչպէս ապրիլի 3-ի ասուլիսում յայտնեց նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Արամ Ղարաբէկեանը, համերգից յետոյ համալսարանի ճեմասրահում կբացուի լուսնկարների ցուցահանդէս, ինչպէս նաեւ կցուցադրուի 2006թ.-ին Զվարթնոց տաճարում կայացած բացօթեայ համերգի տեսաժապավենը: Ապրիլի 8-ին Հանրային հեռուստատեսութեամբ կկայանայ այդ ֆիլմի պրեմիերան: Ա.Ղարաբէկեանը նշեց, որ 10 տարի առաջ ստանձնել է նուագախմբի գլխաւոր դիրիժորի պարտականութիւնները, եւ ամէն ինչ արել է, որպէսզի արուեստասէր հասարակութեանը ներկայացուի բարձրակարգ երաժշտություն: «Մենք հսկայ ճանապարհ ենք անցել: Նուագախումբը կայացել է եւ այսօր չի զիջում միջազգային ասպարէզում կամերային որեւէ նուագախմբի»,- նշեց նա: Տաս տարիների ընթացքում նուագախումբը ունեցել է բազմաթիւ արտասահմանեան հիւրախաղեր եւ հանդէս եկել լաւագոյն համերգասրահներում: Բացի այդ, իւրաքանչիւր համերգաշրջանում կազմակերպուել են արտագնայ բարեգործական համերգներ Հայաստանի մարզերում: Նշուեց, որ նուագախմբի պատուէրով գրուել եւ կատարուել են 10 կոմպոզիտորների չորս տասնեակից աւելի ստեղծագործութիւններ: Ա.Ղարաբէկեանը յայտնեց, որ յոբելեանական համերգի յաջորդ օրը նուագախումբը կմեկնի Ֆրանսիա` մասնակցելու Հայաստանի տարուայ շրջանակներում կազմակերպւող միջոցառումներին: Նուագախումբը ֆրանսիական տարբեր քաղաքներում կունենայ 4 համերգ: Նշուեց նաեւ, որ յուլիս ամսին կամերային նուագախումբը կմասնակցի «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատօնին:
  -   Մշակոյթ