Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը այցելել է Լոռու մարզ
12-11-2009 14:38:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ՎԱՆԱՁՈՐ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպան Արմէն Յարութիւնեանի գլխաւորած աշխատանքային խմբի
նոյեմբերի 11-ին Լոռու մարզ կատարած այցելութեան հիմնական նպատակը
մարզում մարդու իրաւունքների պաշտպանութեան խնդիրների
ուսումնասիրութիւնն էր եւ Պաշտպանին հասցէագրուած դիմում-բողոքների
վերաբերեալ տեղում պարզաբանումներ ստանալը:
Ա.Յարութիւնեանի հանդիպումը կայացել է Հելսինկեան
քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակում, որտեղ հանդիպմանը
մասնակցում էին կազմակերպութեան ղեկավար Արթուր Սաքունցը եւ մի
շարք այլ հասարակական կազմակերպութիւնների եւ ԶԼՄ-ների
ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ՀԿ-ների կողմից Պաշտպանին
են ներկայացուել Վանաձորի տնակային աւանի իրացման, շինարարական
մրցոյթների եւ հողերի տրամադրման գործընթացների թափանցիկության
հետ կապուած խնդիրները, մարզում գործող երեխաների խնամքի երեք
հաստատութիւնների գործունէութիւնը, ՀՀ Ոստիկանութեան Սպիտակի
բաժնում տեղի ունեցած խոշտանգման դէպքը, զորակոչի եւ մի շարք այլ
խնդիրներ:
ՀԿ-ների կողմից բարձրացուած բոլոր խնդիրները Պաշտպանը քննարկել
է Լոռու մարզպետ Արամ Քոչինյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամուէլ
Դարբինեանի հետ հանդիպումների ընթացքում, որոնց ներկայ էին
մարզպետարանի եւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների
ղեկավարները: Ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն յաջորդող երկու
օրերի ընթացքում մանրամասն քննարկել բոլոր բարձրացրած խնդիրները
Պաշտպանի աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:
Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի Տեղեկատուութեան եւ
հասարակայնութեան հետ կապերի բաժնի, Ա.Յարութիւնեանի կողմից
ստեղծուած աշխատանքային խումբը յաջորդ երկու օրերի ընթացքում
իրականացնելու է այցելութիւններ եւ ուսումնասիրություններ Լոռու
մարզի Ոստիկանութեան բաժիններում, զորամիավորումներում,
քրէակատարողական հիմնարկներում, ինչպէս նաեւ Սպիտակի Ոստիկանութեան
բաժանմունքում: Այցելութեան արդիւնքների վերաբերեալ լրացուցիչ
տեղեկատուութիւնը կներկայացուի աշխատանքային խմբի վերադառնալուց
յետոյ: