Կրասնոդարում բացուեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի<br /> Հարաւային թեմի առաջնորդարանի շէնքը<br />


Կրասնոդարում բացուեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի
Հարաւային թեմի առաջնորդարանի շէնքը

  • 24-09-2009 18:21:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 23-ին Կրասնոդարում կայացաւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարաւային թեմի առաջնորդարանի շէնքի հանդիսաւոր բացումը: Եռահարկ հոյակերտ հայադրոշմ շէնքը կառուցուել է մէկ տարում: Շինարարութեան մեկենասը կրասնոդարցի յայտնի ձեռնարկատէր Անդրեյ Ամոսովն է: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, միջոցառումն սկսուել է հանդիսաւոր ժամերգութեամբ, որ անցկացրել է անձամբ թեմի առաջնորդ Մովսէս եպիսկոպոս Մովսէսեանը: Նստավայրի օծումից յետոյ, բացմանը ներկայ բազմաթիւ հիւրերը ծանօթացել են շէնքին: Նշենք, որ հանդիսաւոր արարողութեան ներկաների թւում են եղել Ռուսաստանի Հարաւային դաշնապետական օկրուգում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Արարատ Գոմցեանը, օկրուգի սուբյեկտների մեծ մասի հայկական հասարակական կազմակերպութիւնների ղեկավարներ, ինչպէս նաեւ հոգեւորականներ եւ հավատացյալներ: Նստավայրի շինարարութեան մեկենաս Անդրեյ Ամոսովը իր գործունէութեան համար պարգեւատրուել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սարգիս» շքանշանով: Ա. Ամոսովի միջոցներով Կրասնոդարում կառուցուել է ոչ միայն թեմի առաջնորդարանը, այլեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հիւպատոսական ընդունելութեան սրահ, եւ կառուցւում է հայկական եկեղեցի (երկրորդը քաղաքում): Ա. Ամոսովի աջակցութեամբ Կրասնոդարում արդէն մէկ տարուց աւելի հրատարակւում է Ռուսաստանի հարաւում առաջին գունաւոր հայկական «Խաչքար» հանդէսը, գործում են ազգային կրթական եւ մշակոյթային մի շարք օջախներ:
  -   Հասարակութիւն