Շուշիում կ'անցկացուի «Յակոբ Գիւրջեան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը


Շուշիում կ'անցկացուի «Յակոբ Գիւրջեան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը

  • 16-07-2011 14:04:39   | Հայաստան  |  Մշակոյթ

Շուշիում յուլիսի 15-29-ը կ'անցկացուի «Յակոբ Գիւրջեան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը: Այս առթիւ Հայաստան ժամանած իտալացի քանդակագործները յուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը կիսուեցին իրենց տպաւորութիւններով: Ըստ քանդակագործների,Հայաստանում իւրաքանչիւր քար ունի իր պատմութիւնը: Նախաձեռնութեան հեղինակ` Ֆլօրենցիայում բնակուող հայ քանդակագործ Վիգէն Աւետիսն հայ-իտալական մշակութային հաւաքը կարեւորեց յատկապէս 2 տեսանկիւնից. այն, որ Արցախը որպէս Հանրապետութիւն միջազգային հանրութեանն է ներկայանում եւ երկրորդ` տարիների ընթացքում Շուշին կը զարդարեն համաշխարհային ճանաչում ունեցող արուեստագէտների գործերը: Պրոֆէսոր Լուչանոյ Պրետիի համար Շուշիի հանդիպումը պատմական իրադարձութիւն է: Նա յոյս յայտնեց, որ այն կը վերածուի շարունակական երկխօսութեան: «Ես այստեղ գտայ պատմութիւն, հոգեւորականութիւն եւ աւանդոյթներ: Շուշիում կտրելով ու մշակելով քարերը, կը յայտնաբերենք ստեղծագործական նոր վիճակ»,- ասաց Լ.Պրետին: Պրոֆէսոր, գրող եւ նկարիչ Ռոբերտոյ Ջովանելին էլ նշեց, որ արուեստագէտի ուղերձը ազատութեան ուղերձ է, եւ այն ինչ կատարւում է այս հրաշք քաղաքում, շատ խիզախ նախաձեռնութիւն է: Նա գտնում է, որ այս ճանապարհը լինելու է արկածային, որը ներառելու է արուեստի բոլոր ճիւղերը` ճարտարապետութիւն, կերպարուեստ եւ քանդակագործութիւն: Նշենք, որ սիմպոզիումն իրականացւում է ՀՀ Մշակոյթի նախարարութեան, Երեւանի քաղաքապետարանի հովանաւորութեամբ, Արցախի Հանրապետւթեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Եւ Շուշիի քաղաքապետարանի աջակցութեամբ եւ «Նարեկացի» արուեստի միութեան անմիջական մասնակցութեամբ: Սիմպոզիումին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆէսորներ, քանդակագործներ Կ'արոլիայ Ջովաննելին, Մադդալեն Ջովաննելին, Լուիզա Մորոնին: Սիմպոզիումին պատուաւոր հիւրի կարգավիճակով կը մասնակցի Հռոմի գեղարուեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆէսոր Ջեռարդոյ Լոյ Ռոսսոն: Սիմպոզիումի նպատակն է ստեղծել քանդակներ, որի արդիւնքում 15 արուեստագէտներից իւրաքանչիւրը ազատ թեմայով Շուշուայ կրաքարից կը կերտի իր քանդակը եւ կը նուիրի քաղաքին:
  -   Մշակոյթ