«Հայջրմուղկոյուղի»-ն 2009թ.-ը սկսել է բաւականին բարդ<br /> ֆինանսական խնդիրներով<br />


«Հայջրմուղկոյուղի»-ն 2009թ.-ը սկսել է բաւականին բարդ
ֆինանսական խնդիրներով

  • 14-04-2009 16:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայջրմուղկոյուղի» ընկերութիւնը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ.-ը սկսել է բաւականին բարդ ֆինանսական խնդիրներով: Այս մասին ապրիլի 14-ի ասուլիսում յայտնեց ընկերութեան գլխաւոր տնօրէն Պատրիկ Լորին: Ըստ նրա, տարեսկզբից նուազել են ընկերութեան եկամուտները, ինչպէս նաեւ պետութեան կողմից տրուող սուբսիդիաները: «Ընկերութիւնը սպառողներին իւրաքանչիւր 1 խմ խմելու ջրի մատակարարման համար սակագնի բարձրացում նախատեսում էր յունվարի 1-ից, սակայն այն ուժի մէջ մտաւ ապրիլի 1-ից: Իսկ ընկերութիւնը յունուարից սկսած վճարում է աւելացուած արժէքի հարկ, որը այս տարուանից սկսած գանձւում է ստացուած հասոյթից»,- նշեց Պ.Լորին` յաւելելով, որ դեռեւս 100 հազար բաժանորդներ կանոնաւոր վճարումներ չեն կատարում, իսկ դա նշանակում է, որ նրանց վճարումներից 20% ԱԱՀ-ը վճարում է ընկերութիւնը: Պ.Լորիի խօսքերով, ճգնաժամի հետեւանքով այս ամսից կփակուի ընկերութեան 4 մասնաճյուղերից մէկը, ինչը կբերի աւելի քան չորս տասնեակ աշխատատեղերի կրճատման: Բացի դրանից 20%-ով կրճատուել են աշխատավարձերը, իսկ աշխատանքային շաբաթուայ տեւողությունը 5 օրուանից կրճատուել է 4-ի: Ըստ տնօրէնի, ընկերութիւնը ճգնաժամից դուրս գալու համար մշակել է մի շարք միջոցառումներ: Մասնաւորապէս, մամուլում հրապարակուելու են 2008թ.-ին ջրի սպառման դիմաց չվճարող բաժանորդների անունները: Արդէն հրապարակուել են Էջմիածին, Գաւառ, Կապան եւ Հրազդան քաղաքների 100-ական այդպիսի բաժանորդների անուններ: Նշուեց նաեւ, որ կանոնաւոր վճարումներ կատարած բաժանորդների համար կկազմակերպուի վիճակախաղ: Արդէն 8 բաժանորդներ ստացել են 300-հազարական դրամ:
  -   Տնտեսութիւն