Ըստ ԱՄՀ-ի պաշտօնեայի, 2010թ.-ի սկզբից կսկսուի համաշխարհային<br /> տնտեսութեան կայունացումը<br />


Ըստ ԱՄՀ-ի պաշտօնեայի, 2010թ.-ի սկզբից կսկսուի համաշխարհային
տնտեսութեան կայունացումը

  • 10-04-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ը մռայլ տարի է լինելու աշխարհի համար, սակայն 2010թ.-ի սկզբից կսկսուի համաշխարհային տնտեսութեան կայունացումը: Այս մասին ապրիլի 10-ին Երեւանում կազմակերպուած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ» թեմայով քննարկմանը յայտարարեց Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրէն Մասուդ Ահմեդը: «Կայունացումը կախուած է այն քաղաքականութիւնից, որն առաջիկայ ամիսներին կիրականացնեն տարբեր երկրները: Այդ քաղաքականութիւնը ներառում է լիկվիդայնության ապահովում, բանկային համակարգերի մաքրում, հովանաւորչութեան քաղաքականութեան բացառում»,- նշեց նա: Ըստ Մ.Ահմեդի, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամն առաւել ծանրն է մեծ դեպրեսիայից եւ Երկրորդ աշխարհամարտից յետոյ, ինչն արտացոլւում է ԱՄՀ-ի կանխատեսումներում. հիմնադրման ժամանակներից նման վատ կանխատեսումներ ԱՄՀ-ն չի արել: Մասնաւորապէս, ԱՄՀ-ի կանխատեսումներով, համաշխարհային տնտեսութիւնը 2009թ.-ին կկրճատուի 0,5-1%-ով, իսկ անկումը զարգացած երկրներում կկազմի 3-3,5%: 2010թ.-ին կարձանագրվի աննշան աճ 1,5-2,5%ով, զարգացած երկրներում` 0-0,5%, իսկ զարգացող երկրներում` 3,5-4,5%: ԱՄՀ-ի պաշտօնեան յայտարարեց, որ Հարաւկովկասեան տարածաշրջանի բոլոր երկրներում կտրուկ նուազել են արտահանման աճի տեմպը եւ օտարերկրեայ ուղղակի ներդրումները: Ըստ Մ.Ահմեդի, ի տարբերութիւն տարածաշրջանի միւս երկրների, Հայաստանի տնտեսութիւնը գտնւում է համեմատաբար բարուօք վիճակում: Մասնաւորապէս, Հայաստանի առաւելութիւններից մէկն այն է, որ երկրի բանկային համակարգում արտարժութային վարկերի առումով նոյն ռիսկերը չկան, ինչ այլ պետութիւններում: Նշուեց նաեւ, որ գնաճի մակարդակը Հայաստանում այլ պետութիւնների համեմատ բաւական մեղմ է, ինչը աւելի լաւ ելակետային վիճակ է ստեղծում մարտահրավերներին դիմակայելու առումով:
  -   Տնտեսութիւն