2009թ.-ի յունուար-փետրուարին նույնպես ԱՊՀ-ի երկրներից<br /> ամենացածր գնաճը արձանագրուել է Հայաստանում<br />


2009թ.-ի յունուար-փետրուարին նույնպես ԱՊՀ-ի երկրներից
ամենացածր գնաճը արձանագրուել է Հայաստանում

  • 10-04-2009 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ճնշումները Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի վրայ ընդհանրապես եկել են իրական հատուածից»,- ապրիլի 10-ին «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչէ Գաբրիէլեանը: Ըստ նրա, բանկային համակարգը լինելով առողջ` ճգնաժամի առաջին փուլի ճնշումներին դիմակայեց առանց խնդիրների, սակայն իրական հատուածի խնդիրները դեռեւս մնալու են: Վ.Գաբրիէլեանը նշեց, որ այլ երկրների համեմատ Հայաստանն ունի ֆինանսական միջնորդութեան բաւականին ցածր մակարդակ, թէեւ վերջին տարիներին այդ ոլորտը սկսել էր մեծ տեմպերով աճել: Հայաստանի ֆոնդային շուկան 2007թ.-ին ուներ ՀՆԱ-ի 1%-ի չափ կապիտալիզացիա, իսկ 2008թ.-ին` 1,5%: Այստեղ եւս զարգացումը սկսուել էր, սակայն աճի մակարդակը դեռեւս ցածր էր: Հայաստանի բանկերի վարկային պորտֆէլում եւս աճ էր նկատւում, բայց ճգնաժամը դրան էլ հարուածեց: Մասնաւորապէս, 2008թ.-ի հոկտեմբերից նուազեցին արատահանման ծաւալները, տեղի ունեցաւ ներդրումների նուազում, պահանջարկի կրճատում: Այս ամէնի հետւեանքներից մէկն էլ արտարժոյթի փոխարժէքի փոփոխությունն էր: Ըստ Վ.Գաբրիէլեանի, ԿԲ-ն նախորդ տարուանից սկսած, զուգակցելով ֆինանսական կայունութիւնը գնային կայունութեան հետ, առաջնայնությունը տվեց ֆինանսական կայունութեանը: Ոչ ճկուն փոխարժէքի քաղաքականութիւնը հնարաւորութիւն տվեց բանկային համակարգին վերակազմաւորուել: «Կարեւոր է ԿԲ-ի քաղաքականութիւնը, որ վերացրեց սիստեմատիկ համակարգային վտանգը` միեւնոյն ժամանակ չսուբսիդավորելով բանկերին»,- ընդգծեց Վ.Գաբրիէլեանը` յաւելելով, որ Հայաստանի բանկային համակարգը դոլարի արժեվորման հետեւանքով ունեցաւ վնասներ, սակայն դրանք որեւէ կերպ բանկերի կայունութեանը չեն սպառնում: Վ.Գաբրիէլեանը յայտնեց, որ ԿԲ-ի յետագայ քայլերն են. համակարգում եղած աւելցուկային իրացուելիութեան աստիճանական վերացում, թողնելով այնքան իրացվելիություն, որ բանկերը կարողանան տնտեսութեանը ֆինանսավորել: «Մենք աշխատում ենք զարկ տալ տնտեսական աճին` միեւնոյն ժամանակ չմոռանալով գնաճային հնարաւոր ճնշումների մասին»,- նշեց նա: Ըստ Վ.Գաբրիէլեանի, Հայաստանում նախորդ տարի գրանցուել է տարածաշրջանում ամենացածր գնաճը: 2009թ.-ի յունուար-փետրուարին նույնպես ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ունի ամենացածր գնաճը: «Կարծում եմ, որ մենք մեծ հնարաւորութիւններ ունենք 2009թ.-ին եւս ունենալ տարածաշրջանում ամենացածր գնաճը, ինչը հնարաւորութիւն է տալիս մտածել նաեւ տնտեսութեան ակտիւացման մասին»,- ասաց ԿԲ-ի փոխնախագահը: Վ.Գաբրիէլեանը նշեց, որ բանկերը ճգնաժամից ելնելով սկսեցին շատ աւելի խիստ պայմաններով վարկաւորել: Թէեւ վարկաւորման աճը 2009թ.-ին նուազել է, սակայն Փոքր եւ միջին ձեռնարկութիւններին հիմնադրամների միջոցով վերջին մի քանի ամիսներին տրուել են մի քանի տասնեակ հազար վարկեր: Նշուեց նաեւ, որ 2008թ.-ից մինչեւ 2009թ.-ի մարտը սեփականատէրերը էապէս` միջինը 37%-ով, աւելացրել են բանկերի կապիտալները: Ըստ Վ.Գաբրիէլեանի, ճգնաժամի հետեւանքով, բանկային համակարգի վնասը կազմել է մօտ 2%, ինչը, նրա խօսքերով, ցավալի է, բայց ոչ` ճակատագրական:
  -   Տնտեսութիւն