2009թ.-ի հունվար-փետրվարին նույնպես ԱՊՀ-ի երկրներից<br /> ամենացածր գնաճը արձանագրվել է Հայաստանում<br />


2009թ.-ի հունվար-փետրվարին նույնպես ԱՊՀ-ի երկրներից
ամենացածր գնաճը արձանագրվել է Հայաստանում

  • 10-04-2009 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ճնշումները Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի վրա ընդհանրապես եկել են իրական հատվածից»,- ապրիլի 10-ին «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Ըստ նրա, բանկային համակարգը լինելով առողջ` ճգնաժամի առաջին փուլի ճնշումներին դիմակայեց առանց խնդիրների, սակայն իրական հատվածի խնդիրները դեռեւս մնալու են: Վ.Գաբրիելյանը նշեց, որ այլ երկրների համեմատ Հայաստանն ունի ֆինանսական միջնորդության բավականին ցածր մակարդակ, թեեւ վերջին տարիներին այդ ոլորտը սկսել էր մեծ տեմպերով աճել: Հայաստանի ֆոնդային շուկան 2007թ.-ին ուներ ՀՆԱ-ի 1%-ի չափ կապիտալիզացիա, իսկ 2008թ.-ին` 1,5%: Այստեղ եւս զարգացումը սկսվել էր, սակայն աճի մակարդակը դեռեւս ցածր էր: Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում եւս աճ էր նկատվում, բայց ճգնաժամը դրան էլ հարվածեց: Մասնավորապես, 2008թ.-ի հոկտեմբերից նվազեցին արատահանման ծավալները, տեղի ունեցավ ներդրումների նվազում, պահանջարկի կրճատում: Այս ամենի հետւեանքներից մեկն էլ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունն էր: Ըստ Վ.Գաբրիելյանի, ԿԲ-ն նախորդ տարվանից սկսած, զուգակցելով ֆինանսական կայունությունը գնային կայունության հետ, առաջնայնությունը տվեց ֆինանսական կայունությանը: Ոչ ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հնարավորություն տվեց բանկային համակարգին վերակազմավորվել: «Կարեւոր է ԿԲ-ի քաղաքականությունը, որ վերացրեց սիստեմատիկ համակարգային վտանգը` միեւնույն ժամանակ չսուբսիդավորելով բանկերին»,- ընդգծեց Վ.Գաբրիելյանը` հավելելով, որ Հայաստանի բանկային համակարգը դոլարի արժեվորման հետեւանքով ունեցավ վնասներ, սակայն դրանք որեւէ կերպ բանկերի կայունությանը չեն սպառնում: Վ.Գաբրիելյանը հայտնեց, որ ԿԲ-ի հետագա քայլերն են. համակարգում եղած ավելցուկային իրացվելիության աստիճանական վերացում, թողնելով այնքան իրացվելիություն, որ բանկերը կարողանան տնտեսությանը ֆինանսավորել: «Մենք աշխատում ենք զարկ տալ տնտեսական աճին` միեւնույն ժամանակ չմոռանալով գնաճային հնարավոր ճնշումների մասին»,- նշեց նա: Ըստ Վ.Գաբրիելյանի, Հայաստանում նախորդ տարի գրանցվել է տարածաշրջանում ամենացածր գնաճը: 2009թ.-ի հունվար-փետրվարին նույնպես ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ունի ամենացածր գնաճը: «Կարծում եմ, որ մենք մեծ հնարավորություններ ունենք 2009թ.-ին եւս ունենալ տարածաշրջանում ամենացածր գնաճը, ինչը հնարավորություն է տալիս մտածել նաեւ տնտեսության ակտիվացման մասին»,- ասաց ԿԲ-ի փոխնախագահը: Վ.Գաբրիելյանը նշեց, որ բանկերը ճգնաժամից ելնելով սկսեցին շատ ավելի խիստ պայմաններով վարկավորել: Թեեւ վարկավորման աճը 2009թ.-ին նվազել է, սակայն Փոքր եւ միջին ձեռնարկություններին հիմնադրամների միջոցով վերջին մի քանի ամիսներին տրվել են մի քանի տասնյակ հազար վարկեր: Նշվեց նաեւ, որ 2008թ.-ից մինչեւ 2009թ.-ի մարտը սեփականատերերը էապես` միջինը 37%-ով, ավելացրել են բանկերի կապիտալները: Ըստ Վ.Գաբրիելյանի, ճգնաժամի հետեւանքով, բանկային համակարգի վնասը կազմել է մոտ 2%, ինչը, նրա խոսքերով, ցավալի է, բայց ոչ` ճակատագրական:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play