«Յունիբանկ»-ը շարունակում է աճի ընթացքը<br />


«Յունիբանկ»-ը շարունակում է աճի ընթացքը

  • 19-03-2009 20:41:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Յունիբանկ»-ը շարունակում է աճի ընթացքը` 7 տարուայ յաջող գործունէութիւնից յետոյ: 2008թ.-ին բանկին յաջողուել է ամրապնդել դիրքերը Հայաստանի դեպոզիտային եւ վարկաւորման շուկաներում. հիփոթեքային վարկաւորման ոլորտում «Յունիբանկ»-ը դուրս է եկել 2-րդ տեղ, ֆիզիկական անձանցից աւանդների ներգրաւման գծով` 1-ին տեղ, իսկ Հայաստան փոխանցումների ծաւալի աւելի քան 50%-ն իրականացւում է «Յունիբանկ»-ի միջոցով: Այս մասին մարտի 19-ի ասուլիոսում յայտնեց «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանեան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը: Նա նաեւ նշեց, որ 2009թ.-ի փետրուարին «Յունիբանկ»-ի կապիտալը համալրուել է մօտ 10 մլն ԱՄՆ դոլարով (3 մլրդ դրամով), ինչը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ բանկում զգում են վարկաւորման, մասնաւորապէս, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան վարկաւորման պահանջարկը, եւ այդ ուղղութեամբ ծրագրերի ծաւալներն աճելու են: Գ.Զաքարյանի գնահատմամբ, աճելու են նաեւ սննդամթերքի արտադրութեան, ներմուծումը փոխարինելու ներուժ ունեցող ոլորտների ձեռնարկութիւնների վարկաւորման ծաւալները: Բանկի կապիտալի համալրման գործընթացի աւարտից յետոյ «Յունիբանկ»-ի կանոնադրական կապիտալը կազմել է 8 մլրդ 599,7 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` մօտ 11,5 մլրդ դրամ: Բանկիրի տուեալներով, ներկայումս «Յունիբանկ»-ի կապիտալի համարժեքության մակարդակը 20% է, ինչը բարձր ցուցանիշ է, եւ եթէ յետագայում բանկի ակտիւներն աճեն այնքան արագ, որ կապիտալի համարժեքության ցուցանիշը բաւարար չլինի, ապա կապիտալի ծաւալը կմեծացուի: Բանկի վարչութեան նախագահ (գործադիր տնօրէն) Վարդան Աթայեանը յայտնեց, որ վերջրերս «Յունիաստրում Բանկ»-ի հետ կնքուած պայմանագրի շրջանակներում ն «Յունիբանկ»-ը ներգրաւել է 50 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Ստացուած ֆինանսական միջոցները բանկը ուղղել է վարկաւորման ծրագրերի իրականացմանը: Նշենք նաեւ, որ ընդհանուր պարտաւորութիւնների մէջ ֆիզիկական անձանց աւանդների բաժինը 2008թ.-ի դեկտեմբերի վերջին «Յունիբանկ»-ում կազմել է 62%, եւ այդ ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին դիրքը: Բանկի ֆիզիկական անձանց աւանդների (ցպահանջ պարտաւորութիւնների եւ ժամկէտային աւանդների) ծաւալը կազմել է 36,6 մլրդ դրամ. այդ ցուցանիշով «Յունիբանկ»-ն զբաղեցրել է երկրորդ տեղը: 2008թ.-ին «Յունիբանկ»-ն սպասարկել է աւելի քան 1,4 մլն յաճախորդի: «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգին բաժին է ընկել Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի 50%-ից աւելին: 2008թ.-ի արդիւնքներով, համակարգի շրջանառութիւնը կազմել է աւելի քան 801 մլն ԱՄՆ դոլար: 2008թ.-ի դեկտեմբերի 30-ի դրութեամբ «Յունիբանկ»-ում ֆիզիկական անձանց ժամկէտային աւանդների ծաւալը հասել է 32 մլրդ 541 մլն դրամի. աճը տարուայ ընթացքում կազմել է 27%: Բանկի ակտիւները կազմել են աւելի քան 68 մլրդ 141 մլն դրամ եւ տարուայ ընթացքում աճել աւելի քան 49,4%-ով: Ընդհանուր կապիտալն աճել է 25,8%-ով եւ գերազանցել 8 մլրդ 822 մլն դրամը: Բանկի զուտ շահոյթը կազմել է 1 մլրդ 729 մլն դրամ` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարուայ համապատասխան ցուցանիշը: «Յունիբանկ»-ի պարտաւորութիւնները 2008թ.-ին աճել են 53,7%-ով եւ կազմել 59 մլրդ 319 մլն դրամ: Վարկային պորտֆելի աճն այդ տարի կազմել է 17 մլրդ դրամ, ծաւալը 2008թ.-ի դեկտեմբերի 30-ի դրութեամբ` 46 մլրդ 691 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն