Ըստ Թաթուլ Մանասերեանի, լողացող փոխարժեքին աստիճանական<br /> անցումը չէր վնասի բնակչութեան գնողունակութեանը<br />


Ըստ Թաթուլ Մանասերեանի, լողացող փոխարժեքին աստիճանական
անցումը չէր վնասի բնակչութեան գնողունակութեանը

  • 09-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լողացող փոխարժէքի քաղաքականութեանը միանգամից անցումը ճիշտ եւ օբյեկտիվ մօտեցում էր, հակառակ դէպքում Հայաստանի տնտեսութիւնը էական վնասներ էր կրելու, իսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցութիւնն արդէն արտացոլւում էր երկրի ֆինանսական շուկայի վրայ: Նման կարծիք յայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանը մարտի 9-ին կազմակերպուած բանավէճում: ՀՀ Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանի խօսքերով, դրամի արժեզրկման համար ստեղծուած էին բոլոր օբյեկտիվ պայմանները, սակայն հարցն այն է, թէ ինչպէս էր դա պէտք անել` ատիճանաբա՞ր, թէ՞ կտրուկ: Նրա խօսքերով, ըստ պաշտօնական տեսակէտի, փուլային անցումն աւելի խիստ էր լինելու, սակայն դրա վերաբերեալ հաշուարկներ հասարակութեանը չեն ներկայացւում: «Փոխարենը հասարակութեան մօտ առաջացել են մի շարք մտահոգութիւններ, բացասական սպասումներ, լարուածութիւն»,- նշեց Ա.Մինասեանը: Նա ընդգծեց, որ ԿԲ-ն պէտք է հրապարակի, թէ որ սուբյեկտներն են այս վիճակից օգտուել եւ 2-3 օրուայ ընթացքում իրենց հարստութիւնը աւելացրել շուրջ 30%-ով: Տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերեանը անթոյլատրելի համարեց դրամի փոխարժէքի պահպանման համար պետբիւջէից առնուազն 700 մլն դոլարի վատնումը: Նրա համոզմամբ, դրամի արժեզրկումը պէտք է իրականացվեր աստիճանաբար: Թ.Մանասերեանի խօսքերով, աստիճանական անցման դէպքում պետութիւնը կկարողանար չվնասել բնակչութեան գնողունակութեանը այն ֆոնի վրայ, երբ ապրիլի 1-ից թանկանալու են գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի գները: Նա նշեց նաեւ, որ ստեղծուած իրավիճակում կառավարութիւն պէտք է նուազագոյն աշխատավարձի շեմը հասցնի 30-40 հազար դրամի: Իսկ այս իրավիճակի համար, ըստ նրա, պատասխանատու է ՀՀ կառավարութիւնն իր ամբողջ կազմով: Թ.Մանասերեանի համոզմամբ, գործարարների շրջանակից լուրջ ճնշում կայ կառավարութեան վրայ, ինչը թոյլ չի տալիս գործադիրին ազատ գործել ստեղծուած իրավիճակում: «Որպէս ապացոյց նշեմ, որ նախորդ շաբաթ կառավարութիւնը ԱԺ-ից հետ է վերցրել այն օրինագիծը, որով առաջարկւում էր ներկրւող ապրանքների մաքսատուրքը բարձրացնել 15%-ով»,- ասաց Թ.Մանասերեանը:
  -   Տնտեսութիւն