ԱՄՀ-ի կանխատեսումներով այս տարի Հայաստանում կգրանցուի<br /> տնտեսութեան 1,5% անկում<br />


ԱՄՀ-ի կանխատեսումներով այս տարի Հայաստանում կգրանցուի
տնտեսութեան 1,5% անկում

  • 03-03-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արժոյթի միջազգային հիմնադրամի մասնագէտները Հայաստանում իրականացրած դիտարկումների արդիւնքում արձանագրել են, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն, այնուամենայնիւ, իր բացասական ազդեցութիւնն ունենում է Հայաստանի տնտեսութեան վրայ: Այս մասին մարտի 3-ի ասուլիսում յայտնեց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա խօսքերով, ԱՄՀ-ի կանխատեսումներով այս տարի Հայաստանում կգրանցուի տնտեսութեան 1,5% անկում: Ըստ Ն.Օմեսի, նախորդ տարի 2007թ.-ի համեմատ 44%-ով նուազել են Հայաստանից արտահանման ծաւալները: Եթէ նախկինում մասնաւոր տրանսֆերտների ծաւալը տարեկան 35%-ով աճում էր, ապա այս տարուայ յունուարին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ դրանք 25%-ով նուազել են: Դա, Ն.Օմեսի խօսքերով, հիմնականում պայմանաւորուած է Ռուսաստանում առկայ լուրջ տնտեսական խնդիրներով, իսկ Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական մասը հենց այդ երկրից է: Ըստ ԱՄՀ-ի ներկայացուցչի, Հայաստանի վրայ բացասաբար է անդրադառնում նաեւ համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկումը: «Հայաստանում ՀՆԱ-ի աճը զգալիօրէն դանդաղել է. 2007թ.-ի 14%-ի դիմաց 2008թ.-ին այն կազմել է 7%: Մինչեւ տարեվերջ կանխատեսում ենք 8% սղաճ, ինչն այնքան էլ վատ ցուցանիշ չէ»,- ասաց Ն.Օմեսը: Նա ընդգծեց, որ այս պայմաններում շատ կարեւոր է միջազգային կառոյցների օժանդակությունը: Նշենք, որ ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրէն Դոմինիկ Ստրաուս-Քանը ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին առաջարկելու է հաստատել Հայաստանին 540 մլն դոլար վարկ տրամադրելու ծրագիրը: Ն.Օմեսի խօսքերով, եթէ խորհուրդը մարտի 6-ին այդ առաջարկն ընդունի, ապա Հայաստանին արդէն յաջորդ շաբաթ շուրջ 239 մլն դոլար վարկ կտրամադրուի: Այն կյատկացուի 3 տարի արտօնեալ, առաւելագոյնը 5 տարի մարման ժամկէտով: Կկիրառուի յատուկ փոխառության իրաւունքի տոկոսադրույքը` 1,54%: Վարկը յատկացուելու է ՀՀ Կենտրոնական բանկին` արտարժութային պահուստները համալրելու նպատակով:
  -   Տնտեսութիւն