Առաջիկայ մի քանի ամսուայ ընթացքում Հայաստանում կսկսուի առաջին<br /> արեւային էլեկտրակայանի կառուցումը<br />


Առաջիկայ մի քանի ամսուայ ընթացքում Հայաստանում կսկսուի առաջին
արեւային էլեկտրակայանի կառուցումը

  • 27-02-2009 23:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական «Վիասֆեր Տեխնոպարկ»-ում գործող «Տրանզիստոր Պլիւս» ընկերութիւնը նախատեսում է առաջիկայ մի քանի ամսուայ ընթացքում սկսել Հայաստանում առաջին արեւային էլեկտրակայանի կառուցումը: Այն կունենայ 100 կիլովատ հզորութիւն: Այս մասին փետրուարի 27-ին յայտնեց ընկերութեան տնօրէն Գագիկ Այվազեանը` կլիմայի փոփոխությանը եւ ածխածնային արտանետումների ցածր մակարդակ ապահովող տեխնոլոգիաներին նուիրուած սեմինարի ժամանակ: Նրա խօսքերով, տեխնիկական եւ բիզնես հիմնաւորում ունեցող, ՀՀ Էներգետիկայի նախարարութեան հաւանութեանն արժանացած նախագիծն իրականացուելու է մի շարք կազմակերպութիւնների հետ համատեղ: Ըստ Գ.Այվազեանի, «Տրանզիստոր Պլիւս»-ի արեւային համակարգերի մշակումներրի համար տրուել են 4 միջազգային արտօնագրեր: Անդրադառնալով էլեկտրակայանի կառուցման համար կիրառուելիք նորարարություններին` Գ.Այվազեանը նշեց, որ օգտագործվելու են արեւի էներգիայի կուտակման ոչ թէ սիլիցիումային, այլ եռաշերտ հետերոէլեմենտներ: Վերջիններս, ի տարբերութիւն սիլիցիումային էլեմենտների, կլանում են լոյսի սպեկտրի համարեայ ամբողջ տիրույթը եւ ունեն աւելի բարձր` 35-39% էֆեկտիվություն: Նախատեսւում է, որ էլեկտրակայանը կունենայ հետերոէլեմենտներից կազմուած 10 մոդուլ` իւրաքանչիւրը 10 կիլովատ հզորութեամբ: Մոդուլները կհագեցվեն արեւի շարժին հետեւող համակարգերով, որոնց միջոցով մոդուլները կընդունեն արեւի ուղղահայաց ընկնող ճառագայթները: Ուժեղ քամու դէպքում մոդուլները կընդունեն հորիզոնական դիրք, որպէսզի նուազեցուի քամու ճնշումը մոդուլի վրայ: Նախատեսւում է, որ «Տրանզիստոր Պլիւս»-ի արեւային էլեկտրակայանում արտադրուած 1 վատ էլեկտրաէներգիայի ինքնարժէքը փոքր կլինի 3 դոլարից, սակայն, ըստ «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխաւոր տնօրէն Արամ Վարդանեանի, կան այդ ինքնարժէքը մինչեւ 1,7 դոլարի նուազեցնելու հնարաւորութիւններ, որը մօտ կլինի Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրուող էլեկտրաէնեգիայի ինքնարժէքին: Նաեւ նշուեց, որ Հայկական ատոնակայանի կառուցուելիք էներգեբլոկի արտադրած 1 վատ էլեկտրաէներգիայի ինքնարժէքը կազմելու է 4 դոլար: Գ.Այվազեանը յայտնեց, որ արտերկրում սիլիցումային ֆոտովոլտայիկ արեւային կայաններում արտադրուած 1 վատ էլեկտրաէներգիայի ինքնարժէքը ներկայումս կազմում է 5-6 դոլար: Նրա խօսքերով, «Տրանզիստոր Պլիւս»-ի արեւային համակարգերը տեղադրուել են հայկական «Բարվա» ընկերութեան 10 հակակակարկտային կայաններում, 2006թ.-ից «Վիասֆեր Տեխնոպարկ»-ում գործում է 5 կիլովատ հզորութեամբ արեւային ջրհան կայանը:
  -   Տնտեսութիւն